Դատարանը «Ռուբիի գործով» արդարացրել Է Բեռլուսկոնիին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի վերաքննիչ դատարանը հուլիսի 18-ին արդարացրել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որն ավելի վաղ դատապարտվել Էր 7 տարվա բանտարկության եւ ցմահ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելման՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցման եւ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեղադրանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իտալիայի զանգվածային լրատվամիջոցներին:
Ինչպես նշվում Է, դատավորները 77-ամյա նախկին վարչապետին արդարացրել են «հանցանշանների անբավարարության» եւ «հանցակազմի բացակայության» պատճառով, ինչը պնդում Էին Բեռլուսկոնիի փաստաբանները:
Միլանի դատարանը 2013 թվականի հունիսի 24-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին յոթ տարվա բանտարկության Էր դատապարտել սկանդալային՝ «Ռուբիի գործով»: Իր անվանումն այն ստացել Է գլխավոր ֆիգուրանտուհիներից մեկի՝ Ռուբի մականունով անչափահաս մարոկոյացի Քարիմա Էլ Մարուգի անունից, որի ծառայություններից, ինչպես համարվում Է, օգտվել Է Բեռլուսկոնին:
Դատարանի վճռի համաձայն՝ Բեռլուսկոնիին նաեւ ցմահ արգելվել Էր զբաղեցնել ցանկացած պետական պաշտոն: Սույն դատավճռի հաստատումը կարող Էր զգալի ազդեցություն գործել երկրի քաղաքական իրադրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: