ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հայկ Քոչարյանը Հայաստան է բերել իր նոր՝ «Խնդրում եմ, բնական եղիր» կինոնկարը: ԱՄՆ-ում բնակվող ռեժիսորը քսանչորս տարվա բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք՝ հայ ակնդրին ներկայացնելու իր ֆիլմը: Ամերիկյան Մոնադնոքի միջազգային կինոփառատոնում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացած կինոնկարն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում:
Հայկ Քոչարյանը հուլիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ «Խնդրում եմ, բնական եղիր» կինոնկարը նկարահանվել է ԱՄՆ-ում:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան՝ վերջին 24 տարում, և ինձ համար կարևոր է վերադառնալ Հայաստան ֆիլմով: Կինոնկարում նկարահանվել են հայտնի ամերիկյան դերասաններ: Ֆիլմը նկարել եմ Նյու Յորքում, և Հայաստանում կներկայացվի հենց այսօր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Քոչարյանը:
Հայկ Քոչարյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է: Սցենարը պատրաստել է 1,5 տարվա ընթացքում, իսկ կինոնկարն, ընդհանուր առմամբ, նկարահանել է 4 տարվա ընթացքում:
Քոչարյանի խոսքով, ֆիլմն ինքնակենսագրական չէ, սակայն պարունակում է որոշ դրվագներ իր կյանքից: «Ֆիլմը հեշտ չէր նկարահանել, բայց ունեինք հրաշալի կազմ: Սխալ է այն կարծիքը, թե ԱՄՆ-ում շատ հեշտ է ֆիլմ նկարահանել: Ֆինանսները միշտ առաջին տեղում են, ուղղակի պետք է անընդհատ այնպես անեք, որ նախագիծն առաջ գնա»,-նշեց նա:
«Խնդրում եմ, բնական եղիր» կինոնկարը կներկայացվի նաև այլ փառատոններում, իսկ աշնանը Նյու Յորքում սպասվում է ֆիլմի պրեմիերան:
«Խնդրում եմ, բնական եղիր» ֆիլմը համարձակ և խորաթափանց հայացք է` ուղղված կյանքի ուղու ընտրության համամարդկային խնդրին: Ձգտումներով լի մի երիտասարդ դրամատուրգ ու թատրոնի ռեժիսոր և նրա ընկերուհին սպասում են իրենց առաջնեկին: Վիկտորը ժամանակավոր աշխատանք ունի շինարարությունում, որպեսզի ծայրը ծայրին հասցնի, բայց փոշոտ, կեղտոտ աշխատանքը նրան ուժասպառ է անում: Երիտասարդ զույգը պատրաստվում է իրենց բրուքլինյան բոհեմական բնակարանից տեղափոխվել արվարձաններ, և այդ ամենի համար վճարում է Մարիի հայրը: Մինչ հայրն անընդհատ գնում է այնպիսի բաներ, ինչպիսիք նրանք երբեք իրենց թույլ տալ չեն կարող, Վիկտորի կլաուստրոֆոբիան և թակարդվածության զգացումը խորանում են: Նրանց սպասումները արդարացնելու նրա ներքին պայքարը կարծես տանում է մի կենսակերպի, որը նա չի կամենում ընդունել:
ՀայկՔոչարյանը ծնվել է Հայաստանում, 1993-ից ապրում է Նյու Յորքում: Ուսումն սկսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Բրուքլինի քոլեջում՝ ուսանելով ռեժիսուրա և լուսանկարչություն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքի տարբեր պատկերասրահներում: Մի շարք մրցանակների դափնեկիր է, համագործակցում է տարբեր ոչ կոմերցիոն կազմակերպությունների հետ: Քոչարյանը վեց կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստն է և ռեժիսորը, որոնցից «Չարլին» 2007-ին հաղթել է կարճամետրաժ ֆիլմերի Thirteen/WNET Reel 13 մրցույթում և ցուցադրվել Channel 13 հեռուստաալիքով: Նույն 2007-ին նա գրել է իր առաջին լիամետրաժ կինոնկարի՝ ֆրանս-ամերիկյան «Մանհեթենյան սիրավեպ»-ի սցենարը և թողարկել որպես համապրոդյուսեր: