Մշակույթ

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում այս տարի ընդգրկված է երկու հայկական ֆիլմ

3 րոպեի ընթերցում

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում այս տարի ընդգրկված է երկու հայկական ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն հինգերորդ տարին անցկացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի համար այս տարի ընտրվել է երկու հայկական ֆիլմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը նշեց, որ այս տարի «Կորիզ»-ի 30 մրցութային ֆիլմերն ընտրվել են դժվարությամբ:

«Նախորդ տարիներին «Կորիզ»-ում ընդգրկվում էր մեկ հայկական ֆիլմ, այն էլ` մի կերպ, բայց այս տարի երկու ֆիլմ է ընդգրկվել՝ առանց վերապահումների: Սկսեցինք հայկական կինոնկարներին նայել այն չափանիշներով, որոնցով նայում ենք արտասահմանյան ֆիլմերին»,-նշեց Շահբազյանը:

Ծրագրի համակարգողի կարծիքով, կարճամետրաժ ֆիլմեր այսօր հիմնականում նկարում են երիտասարդները : «Ժյուրին այժմ դիտում է ֆիլմերը և ավելի ուշ կքննարկի և կորոշի հաղթողին»,-նշեց նա:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» կինոնկարը, որն այս տարի «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: Այն ներկայացնում է երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ՝ միևնույն խնդիրներով:

«Կյանքում ընտրություն կատարելը միշտ էլ բարդ է, ֆիլմի հերոսի պարագայում էլ այդպես է»,-նշեց ֆիլմի դերակատար Արամ Կարախանյանը:

«Կորիզ»-ում ներառված երկրորդ հայկական ֆիլմը «Web ծիրան» 3-րդ առցանց կինոփառատոնում առաջին մրցանակի արժանացած Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր» կինոնկարն է:

Այս տարի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կինոգետ Էրեզ Փերին: Ժյուրիի կազմում են նաև պրոդյուսեր Ռոն Դայենսը և կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական ղեկավար կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում