Կիմ Կի-դուկն իր երևանյան ասուլիսի ընթացքում կատարեց «Արիրանգ» երգը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Նրա միջոցով աշխարհում ապրող մարդիկ իմացան կորեական ազգային խնդիրների մասին, տեղեկացան Կորեայում տիրող իրավիճակի մասին: Հայաստանում է աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկը, որը մեր երկիր է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Կիմ Կի-դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կբացվի հուլիսի 14-ին «Պիետա» ֆիլմով: Այնուհետև հանրությունը կդիտի ռեժիսորի ստեղծած ևս վեց ֆիլմ:

Անվանի ռեժիսորը մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայերին, ովքեր հետաքրքրված են և դիտում են իր ֆիլմերը:

«Մինչ այստեղ գալը Հայաստանի մասին համացանցով եմ կարդացել: Արդեն երեք ժամ քայլել եմ Երևանով: Այսօր եղել եմ շուկայում, տեսել եմ, որ աղքատ մարդիկ կան, երեկ Կասկադով եմ քայլել: Հայաստանը շատ նման է Կորեային: Այսօրվանից սկսած կկարդամ և կսովորեմ Հայաստանի մասին շատ բաներ: Ժամանակին չգիտեի «Ոսկե ծիրան» փառատոնի մասին, սակայն Փիտեր վան Բյուերեին եմ հանդիպել և իմացել փառատոնի մասին: Երեկ էլ տեսա Փարաջանովի ֆիլմը, և հասկացա, որ փառատոնը շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի և կինոռեժիսորների համար: Ամենազգացմունքայինն այն է, որ իմ վեց ֆիլմերը կցուցադրվեն այստեղ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Անվանի ռեժիսորն առաջին անգամ ֆիլմ է տեսել 32 տարեկանում: «Մինչ ֆիլմ դետելը զբաղվել եմ մեքենաներ սարքելով, սակայն «Գառնուկների լռությունը» ֆիլմը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Երբ մեկնեցի Ֆրանսիա, սկսեցի սովորել կինոռեժիսուրա, հասկացա, որ ամեն մեկը կարող է ֆիլմ նկարահանել, հետո սկսեցի ֆիլմեր պատրաստել»,-նշեց նա: Անվանի ռեժիսորն անգամ դպրոց չի հաճախել, սակայն նշում է, որ գործարանում աշխատելու ընթացքում շատ բաներ է սովորել և մեծ փորձ է ձեռք բերել:

«Իմ ֆիլմերում ես փորձել եմ ներկայացնել այն, ինչ ապրել եմ, և այն, ինչ տեղի է ունենում կորեական կյանքում, այդ պատճառով չգնալ դպրոց կարելի է»,-ընդգծեց նա:

Կիմ Կի-դուկի բոլոր բոլոր ֆիլմերը չունեն լավ ավարտ, քանի որ նա չի ցանկանում առանձնացնել լավն ու վատը, որովհետև կյանքում կա և լավը, և վատը:

«Սովորական մարդկանց կյանքն իմ ուսուցիչն է»,-հավելեց նա: Անդրադառնալով իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ ռեժիսորը նշեց, որ արդեն 2-3 սցենար ունի, կնկարահանի նոր կինոնկար և իր ֆիլմն անպայման կներկայացնի Հայաստանում: Կիմ Կի-դուկն իր երևանյան ասուլիսը եզրափակեց «Արիրանգ» երգի կատարմամբ:

Հարավկորեացի ռեժիսոր ԿիմԿի-դուկը ծնվել է 1960 թվականին: 1990-92 թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում: 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին: Վերադառնալով Հարավային Կորեա՝ կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ և 1995-ին Կորեայի կինոխորհրդի կազմակերպած սցենարների մրցույթում շահել առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով: Ապա Կիմ Կի-դուկը նկարահանել է «Վայրի գազանները»,«Թռչնավանդակ» հյուրանոցը», «Կղզին» և խիստ փորձարարական «Իրական հորինվածքը», որը նկարել է ընդամենը 200 րոպեում: Այս ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 23-րդ ՄԿՓ-ում: 2001-ին «Հասցեն անհայտ է» ֆիլմը Պուսանի ՄԿՓ-ում ընտրվել է որպես խրախուսման արժանի նախագիծ: 2003-ին Կարլովի Վարիի ՄԿՓ-ում FIPRESCI-ի ժյուրիի նախագահ Սուսաննա Հարությունյանի՝ «Ոսկե ծիրան» ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի ձեռքով FIPRESCI-ի մրցանակը հանձնվել է «Ափեզրի պահապանը» ֆիլմին: Կիմ Կի-դուկն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի մրցանակին՝ «Սամարացի աղջիկը», Վենետիկի ՄԿՓ-ի մրցանակներին՝ «Դատարկ տուն» ֆիլմերի համար: 2011-ին նրա «Արիրանգ» վավերագրական աշխատանքին շնորհվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակը՝ որպես լավագույն ֆիլմի: 2004-ին Ռուսաստանի «Խաղաղօվկիանոսյան միջօրեական» ԿՓ-ում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմը շահել է գլխավոր մրցանակը, ինչպես նաև այլ մրցանակներ Լաս Պալմասում, 2003-ին՝ Լոկառնոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: 2012-ին Կիմ Կի-դուկի «Պիետա» ֆիլմը նվաճեց Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»: Կիմ Կի-դուկն արծարծում է կորեական ազգային խնդիրներ՝ միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ մաս: Նրա ֆիլմերը արդիական առասպելներ են, որ կապակցված են կրկնվող թեմաներով, սյուժեներով, կերպարների տիպերով: Կիմ Կի-դուկի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Մոլեգին պայքարի և գրոտեսկի ծայրահեղ իրավիճակներում ռեժիսորը երևան է հանում անմեղությունը հերոսների հոգիներում: Կիմ Կի-դուկը կանոններ ու օրենքներ չի ճանաչում: Նա ենթարկվում է միայն հորինվածքին և ոճի իր զգացողությանը:

Կիմ Կի-դուկն «Ոսկե ծիրան»-ի մասնակիցներին յուրահատուկ անակնկալ մատուցեց: Նա հայկական բեմից կատարեց կորեական ժողովրդական «Արիրանգ» երգը՝ արժանանալով բազմաթիվ ծափողջյունների: «Այս երգն արտահայտում է կորեացի ազգի տխրությունը և ուրախությունը»,-մեկնաբանեց ռեժիսորը: Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին ռեժիսորն արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակին:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը