Անրի Ռենոն չպատասխանեց ԼՂՀ յոթ շրջանների` Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության վեց կետերի վերաբերյալ հարցին չպատասխանեց` հավելելով, որ մեկնաբանությունների համար պետք է դիմել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին: «Բանկցային գործընթացի բեղմնավոր լինելու համար գաղտնիություն սկզբունքը պետք է պահպանվի: Ես որպես Ֆրանսիայի դեսպան, մի երկրի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ձեռնպահ եմ մնում, որեւիցե մեկնաբանություն տալուց այդ հարցին: Այս խնդրի կարեւոր առաքելություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան Ֆրանսիացի համանախագահն է եւ մեկնաբանություն տալը համանախագահի իրավասությունն է, այլ ոչ դեսպանի»,- ասաց Ռենոն` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` արդյոք Ջեյմս Ուորլիքի ներկայացրած Խաղաղության վեց կետերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տեսակետն է, թե միայն Ուորլիքի:
Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ունեցած ելույթում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է Խաղաղության վեց կետ, որոնցից մեկով առաջարկում էր ԼՂՀ յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին: Ավելի ուշ, նման հայտարարություն էր արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը`շեշտելով, որ Ղարաբաղի համար ավելի լավ կլինի, որպեսզի յոթ տարածքները հանձնվեն Ադրբեջանին: Այս հայտարարություններին ի պատասխան ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ին ներկայացրել էր պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` համաձայն որի, վերադարձը նախկին սահմաններին եւ կարգավիճակին ընդունելի չէ ԼՂՀ ժողովրդի համար: