Սերգեյ Մինասյանը տեխնիկական է համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը
3 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մինասյանը տեխնիկական է համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/07/768674.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերջնականացումը տեխնիկական խնդիրների հետ է կապված եւ ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Առավել ևս, Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ տվյալ կազմակերպության համահիմնադիրներն իրար հետ ունեն լուրջ խնդիրներ և շատ հաճախ Հայաստանի անդամակցության հարցը լծակ է դառնում, որը Բելառուսն ու Ղազախստանն օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ՝ վերջինից ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար», - կարծիք հայտնեց Սերգեյ Մինասյանը:
Խոսելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ներհայաստանյան տեսակետների մասին՝ փորձագետն ասաց, որ Հայաստանում արտաքին և ներքին քաղաքականությունները չափազանց կապակցված են իրար: Փորձագիտական ոլորտն առնչվում է նույն թեմաներին, հետևաբար Եվրասիական միությանն անդամակցության հարցին վերաբերող արձագանքները գլխավորապես պայմանավորված են ներքաղաքական գնահատականներով, որոնք կախված են տվյալ քաղաքական գործչի կամ փորձագետի գաղափակարան մոտեցումներից:
«Իրականում կապ չունենալով շարունակվող բանակցային գործընթացի հետ, շատ տրամաբանական է, որ հասարակությունը էմոցիոնալ է արձագանքում այդ ձգձգվող գործընթացին: Սակայն այն մեծամասամբ պայմանավորված չէ քաղաքական խնդիրներով: Հայաստանի անդամակցության ձգձգումը Եվրասիական տնտեսական միությանը զուտ տեխնիկական գործընթաց է, որը կախված է նախ նրանից, որ այդ կառույցը դեռ գոյություն չունի: Այդ կազմակերպության փաստաթղթերը ստորագրված են գրեթե մեկ ամիս առաջ և այն պետք է սկսի գործել միայն 2015 թ. հունվարի 1-ից», - ասաց փորձագետը:
Որոշ փորձագետների հույսերը, որ Հայաստանը ինչ-որ կետից կարող է վերադառնալ եվրաինտեգրման ուղուն, որը կար մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը՝ իրատեսական չեն, քանի որ բավականին փոխվել է հետխորհրդային տարածքում քաղաքական իրավիճակը` Եվրամիության հետ կապված: «Իսկ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք կունենանք հստակ պատկերացում, թե միությանը անդամակցելուց հետո ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների շրջանակներում: Ըստ դրա Հայաստանը կկարողանա հասկանալ այն սահմանները կամ սահմանափակումները, որոնք նա պետք է հաշվի առնի Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում»,-նկատեց Մինասյանը:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով: