Հասարակական

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին բարեգործական գործունեության համար շնորհվեց Արմավենու շքանշան

3 րոպեի ընթերցում

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին բարեգործական գործունեության համար շնորհվեց Արմավենու շքանշան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենաշարժական ապարատի հիվանդություններով երեխաների բուժումը հովանավորելու և բարեգործական գործունեության համար Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին շնորհվեց Արմավենու շրքանշան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 26-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հանդիսավոր ընդունելությունը` հիմնադրամի կողմից իրականացվող «Քայլի՛ր հպարտ» ծրագրի շրջանակներում 100-րդ հիվանդի բարեհաջող վիրահատության առիթով:

Հանդիսավոր երեկոյին ներկա էին «Արմավենի» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի և գործարար ոլորտի նշանավոր գործիչներ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց «Արմավենի» հիմնադրամի նախագահ Արշակ Միրզոյանը, 2000 թվականից ի վեր հիմնադրամի շնորհիվ անվճար բուժում է ստացել 100 մարդ: «Սկզբում բավական դժվար էր միջոցներ հավաքել հիվանդների բուժումն ապահովելու համար: Առաջին հինգ տարիներին հիմնադրամի միջոցով բուժվել է 19 հոգի, իսկ հաջորդող տարիներին` 81-ը, նրանցից 43-ը վերջին չորս տարիների ընթացքում: Իսկ տիկին Ռիտա Սարգսյանի անձնական հովանու ներքո բուժում է ստացել թվով ինը երեխա»,- նշեց Միրզոյանը:

Երաշժտական կատարումներով հագեցած միջոցառման ընթացքում հիմնադրամի տնօրենը Արմավենու շրքանշան շնորհեց հիմնադրամի բարերարներին` երախտագիտություն հայտնելով իրենց աջակցության համար:

Տասնհինգ տարի է` «Արմավենի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է «Քայլի՛ր հպարտ» ծրագիրը: Անապահով ընտանիքների` հենաշարժական ապարատի տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեն անվճար բուժում ստանալ: Ծրագրից օգտվողների մեծամասնությունը երեխաներ են Հայաստանից, Արցախից և Ջավախքից: Բուժումն իրականացվում է աշխարհում հայտնի Իլիզարովի մեթոդով, որը թեև ստեղծվել է ՌԴ Կուրգան քաղաքում, բայց այսօր կիրառվում է ավելի քան 60 երկրներում: Ներկայումս անվճար բուժում ստանալու համար հերթագրված են մի քանի տասնյակ հիվանդներ: Այնինչ, հիմնադրամի հաշվարկներով` անապահով ընտանիքներից մոտ 200 հիվանդ Իլիզարովի մեթոդով բուժվելու կարիք ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում