ՀԱԿ-ը «չի ճանաչում» Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ ընդունելի չէ Հայ ազգային կոնգրեսի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նշելով, որ թեև ասուլիսի է եկել հայտնելու իր տեսակետը, սակայն խմբակցությունում ևս իշխող է նման դիրքորոշումը: «Ես ցանկություն չունեմ կարդալու նրա հարցազրույցը: Շատ վաղուց ինձ համար նման քաղաքական գործիչ գոյություն չունի, և ես չեմ ընդունում նման քաղաքական գործչի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Մանուկյանը: Նա հրաժարվեց պատասխանել Քոչարյանի հարցազրույցին վերաբերող մյուս հարցերին` շեշտելով, որ ասուլիս գալուց առաջ փորձել է զսպել իրեն և լինել չափավոր:
Արամ Մանուկյանը, սակայն չհրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում առանձնակի ընդգծված` «Որոտանի կասկադի» վաճառքին վերաբերող հարցերը: Մանուկյանը նշեց, որ իր համար էներգակիրները` իրենց զուտ նշանակությունից զատ, ունեն նաև պետականության պահպանման և սուվերենության նշանակություն: «Դրանք, ռազմավարական արժեքներ, պետություն պահող արժեքներ և տնտեսական լուրջ լծակներ են: Եթե մենք պայքարում ենք դրանց համար, ունենք մի հեռահար մղում` դա հայրենիքի ուժեղ լինելն է: Փառք աստծո, որ կան քաղաքական և քաղաքացիական ուժեր, որոնք կռիվ են տալիս դրա համար»,- ասաց Մանուկյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 23-ին հարցազրույց է տվել իր պաշտոնական` 2rd.am կայքէջին, որտեղ հանդես է եկել իշխանությունների հասցեին նոր քննադատությամբ՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանություններին ներկայացրած խորհրդարանական փոքրամասնություն կազմող չորս խմբակցությունների պահանջները:Հարցազրույցում Քոչարյանը, մասնավորապես, պաշտպանել է ընդդիմության կոչը՝ առանց Ազգային ժողովի հաստատման բացառել «Որոտանի հէկերի» վաճառքը կամ մասնավորեցումը: