Պաշտոնական

ՀՀ Նախագահը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը քննարկել են միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը քննարկել են  միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա կգտնվի նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին:

Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում