Ռուսաստանը Ադրբեջանին տանկեր է տալիս, իսկ Հայաստանին` դրանք ոչնչացնելու միջոցներ. ռուս քաղաքագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ ռազմական քաղաքագետների միության փորձագետ Ալեքսանդր Փերենջիեւը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը լավ է հասկանում, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի շահերին վնասող որեւէ բան չի անելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուս քաղաքագետը հայտարարել է vesti.az լրատվական կայքին տված հարցազրույցում:
Քաղաքագետը նաեւ հիշեցրել է, որ ՌԴ, Ռազմական դոկտրինայի 21-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պարտավոր է պաշտպանել Հայաստանին զինված հարձակման դեպքում:
Մեկնաբանելով ՌԴ կողմից Ադրբեջանին T-90 տանկեր մատակարարվելու առնչությամբ հնչած բացասական արձագանքները, Փերենջիեւը նկատել է տվել, որ ռուս-ադրբեջանական զենքային գործարքը առաջացնում է հայկական կողմի վրդովմունքն այն բանի համար, որ դա կարող է ուժեղացնել հավանական հակառակորդին: Սակայն, Փերենջիեւի կարծիքով` «նման վրդովմունքը» կարող է հնչել միայն «որպես ընդունված կարգ»: Քաղաքագետը համոզված է, որ Երեւանում հասկանում են, որ Ռուսաստանը դեմ չի գնա Հայաստանի շահերին:
«Ամենայն հավանականությամբ, Մոսկվան պաշտոնական Երեւանին կփոխանցի (եթե արդեն չի փոխանցել) հակատանկային միջոցներ` իրական մարտում T-90 տանկերի արդյունավետ ոչնչացման համար: Թե որոնք են այդ միջոցները, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող են լինել «Հերմես» եւ «Խրիզանտեմա-C» հակատանկային հրթիռային համակարգերը», -ասել է ռուս փորձագետը: