Հասարակական

Հայկական օգտատերերի համար ստեղծված թուրքական «Video I made for my friends» վիրուսի առեղծվածը

3 րոպեի ընթերցում

Հայկական օգտատերերի համար ստեղծված թուրքական «Video I made for my friends» վիրուսի առեղծվածը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված «Video I made for my friends» հղումն ունի թուրքական ծագում և նախատեսված է միայն հայկական օգտատերերի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեցտեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, նշված վիրուսը եվրոպական երկրներում չկա, և դրա թուրքական լինելու մասին է վկայում այն կարևոր հանգամանքը, որ հղումով գնալու դեպքում օգտատերերն անկախ իրենց կամքից «լայքում» են թուրքական էջեր: «Միայն հղումի վրա «քլիք» անելիս վիրուսը չի փոխանցվում համակարգչին: Վիրուսը փոխանցվում է այն պարագայում, եթե օգտատերը կատարում է պահանջվող գործողությունները և ներբեռնում այն: Այս դեպքում համակարգիչ է ներթափանցում «Տրոյան» տեսակի վիրուսը, որը համակարգչից գողանում է տեղեկատվությունը` փոխանցելով այն թուրք հաքերներին: Ներկայումս յուրաքանչյուր երկրորդ օգտատեր վարակված է այս վիրուսով, սակայն դժվարանում եմ գնահատել, թե ինչ քանակի տեղեկատվություն է հոսել դեպի թուրքական հաքերների ձեռքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ վարակվածների մեծ մասն այն օգտատերերն են, ովքեր չեն ունեցել հակավիրուսային ծրագրեր, իսկ մյուս մասն էլ նրանք են, ովքեր անջատել են անտիվիրուսը, որպեսզի համակարգիչն արագ աշխատի: Սակայն կա նաև այլ խնդիր, քանի որ որոշ հակավիրուսային ծրագրեր, ինչպիսիք են Symantec-ը և Doctor Web-ը, չեն որսում այդ վիրուսը:

Փորձագետը համացանցից օգտվողներին խորհուրդ տվեց զբաղվել իրենց «հիգիենայով», քան թե փորձել քարոզչական նյութեր տարածել: «Բնականաբար, կա նաև լուսավոր կետ այն հանգամանքի մեջ, որ մարդիկ փորձում են հակամարտել հակահայ քարոզչության դեմ, քանի որ այսօր միջին օգտատիրոջ տեղեկատվության աղբյուրը հենց սոցցանցն է, և եթե ինչ- որ մեկն ունի արտասահմանցի ընկեր և նրան կարողանում է հասցնել ճիշտ տեղեկատվություն, դա շատ ավելի ազդեցիկ է, քան ինչ-որ թերթում հրապարակում պատվիրելը: Դու կարող ես ունենալ այդ հարապարակումը, սակայն չկարողանաս տեղ հասցնել, քանի որ դա հասարակ մարդիկ են անում»,-ասաց Մարտիրոսյանը: Նա խորհուրդ տվեց ուշադիր լինել` պատահական հղումների վրա սեղմելիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում