ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային խորհուրդը հինգ հոգանոց հանձնախմբով կմասնակցի Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից կազմակերպվող` Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Հանրային խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀԽ-ի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց ՀԽ օրակարգում առկա երկրորդ հարցը: «ՀՀ Հանրային խորհրդի նախագահ պարոն Մանուկյանը նամակով դիմել էր աշխարհի հանրային խորհուրդներին, որոնցից որոշներից ստացվել են պատասխաններ: Բրազիլիայի Հանրային խորհուրդը, որի նախագահն է երկրի նախագահն,արձագանքել է, և պիտի ասեմ, որ այս պատասպանը գրված է շատ խորը հարգանքով հայ ժողովրդի նկատմամբ: Կարևոր է նշել, որ այդտեղ Բրազիլիայի Հանրային խորհրդի նախագահը հարց է բարձրացնում ու դիմում միջազգային հանրությանը` քննադատելու և թույլ չտալու Սիրիայում մարդու իրավունքների խախտումները»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ արձագանք է ստացվել նաև Ռուսաստանի Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից: «Ռուսատանի Հասարակական պալատը նախատեսում է իրականացնել հանրային քննարկումներ Սիրիայում ստեղծված իրադրության ու ապստամբների կողմից իրականացվող հանցագործությունների վերաբերյալ: Նրանք խնդրել են այդ քննարկումներին ՀՀ Հանրային խորհդի օժանդակությունը, ինչպես նաև առաջարկել են ներակայացնել համապատասպան տեղեկատվական նյութեր ու անձամբ մասնակցել քննարմանը»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը` կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրային խորհրդին առաջարկ է արվել նաև մասնակցելու համապատասխան բանաձևի նախապատրաստմանը: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր առաջարկ է և վկայում է այն մասին, որ մեր Հանրային խորհուրդը համաշխարհային թատերաբեմում իր տեղը կամաց-կամաց հաստատում է, և մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկեց հինգ հոգանոց խումբ ստեղծել` Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ, և հանձնարարեց մելնել միջազգային կոնֆերանսին, նյութեր նախատրաստել:
Խորհրդի ներկա անդամները միաձայն համաձայնեցին առաջարկին: