Մարզահամերգային համալիրը դրվել է կրկնակի աճուրդի` ավելի պակաս արժեքով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվել է կրկնակի աճուրդի: Առաջին աճուրդի ժամանակ, որը հայտարարվել էր մայիսի 19-29-ը, գնորդ չէր հայտնվել: Աճուրդը համարվել էր չկայացած եւ արդեն երրորդ աշխատանքային օրը, օրենքի պահանջով, այն կրկին դրվել է հարկադիր աճուրդի` միայն թե նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր աճուրդների էջը, շինությունը աճուրդի է դրվել 17միլիարդ 415 միլիոն դրամով` նախկին 19 միլիարդ350միլիոնի փոխարեն: Աճուրդը կփակվի 10 օրից: Առաջարկ դեռ չկա:
2014թ. ապրիլի 14-ին ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.207.755.909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա: