Մշակույթ

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով գիտաժողովը նվիրված է Թորոս Թորամանյանի ծննդյան հոբելյանին

2 րոպեի ընթերցում

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով գիտաժողովը նվիրված է Թորոս Թորամանյանի ծննդյան հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ՝ հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովը կնշանավորի նաև 2011թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաս­տանի և արտ­երկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդ­լայն­ման նոր սահման­ները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը: Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Միջոցառմանը ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:

Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում