Հասարակական

Վերնիսաժի մոտ կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26 տարեկան է, ամենատարեցը` 72

2 րոպեի ընթերցում

Վերնիսաժի մոտ կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26 տարեկան է, ամենատարեցը` 72

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենտրոնում` Վերնիսաժի մոտ, մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը` 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեեւն է: Նա վիրավորվել է ոտքի շրջանում: Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը 30 տարեկան են: Նրանց Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում վիրահատում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը հիվանդանոցից, չորսից մեկի վնասվածքը որովայնի հատվածում է եւ բավականին բարդ վիրահատություն է ընթանում:

Մայիսի 17-ին` ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում