Թուրքական Վաքըֆ գյուղից 18 քեսաբահայերն արդեն Բեյրութում են
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Վաքըֆ գյուղից քեսաբահայերը մայիսի 16-ի առավոտյան հասել են Լիբանան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագրությունից: Նրանք ժամանել են Պոլիս-Բեյրութ չվերթով: Թուրքիա տանելու ժամանակ քեսաբահայերի մոտ փաստաթղթեր չեն եղել: Ազգային իշխանությունները և կուսակցությունները աշխատանքներ են տարել նրանց անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու համար, որպեսզի կարողանան ժամանել Բեյրութ: Լիբանանում «Սիրիահայության օգնության մարմինն» իր հերթին անհրաժեշտ աշխատանքներ է տարել քեսաբահայերի բնակության վայրերն ապահովելու համար:
Թուրքիայից Բերյութ հասած 18 քեսաբահայերն են. Հակոբ Կիրակոսյան, Վազգեն Կիրակոսյան, Բաբկեն Ջուրյան, Նվարդ Ջուրյան, Ասպետ Ջուրյան, Հակոբ Ջուրյան, Գարուն Թիթիզյան-Ջուրյան, Սաթենիկ Թիթիզյան, Սրբուհի Թիթիզյան, Սերոբ Սուրյան, Ծովինար Սաղտջյան-Սուլյան, Մովսես Արաբյան, Մարթա Արաբյան, Ներսես Թանկուկյան, Անահիտ Ահարոնյան, Գարուն Տեր-Սահակյան, Զավեն Հովսեփյան, Ջորջ Քորթմոսյան:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆհայաբնակգյուղ: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղիհայկական շտապօգնության մարմինը, Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ, անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
Տարբեր համահայկական կառույցներ իրականացնում են դրամահավաք կարիքավոր քեսաբահայերին օգնելու համար, աշխարհասփյուռ հայ քաղաքական ու հասարակական կառույցներն էլ փորձում են հարցը բարձրացնել քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում` պահանջելով Թուրքիային ստիպել դադարեցնել օգնությունը ծայրահեղական զինյալ ուժերին և ապահովել խաղաղ բնակչության վերադարձն իրենց բնակավայր: