Ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որով պետք է անցնել. Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորի պատասխանը թուրք դեսպանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայ դատի պաշտպան Ռուբեն Մարտինես Ուելմոն պատասխանել է Ուրուգվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թաներ Գարագաասենի նամակին, որը պարունակել է Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը` ուղղված հայությանը և միջազգային հանրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբից, պատասխան նամակում պատգամավորը շնորհակալություն է հայտնել դեսպանին Թուրքիայի վարչապետի` ապրիլի 23-ի ուղերձի ողջ բովանդակության պարունակությամբ նամակի համար` ընդգծելով, որ ծանոթ է եղել դրան, քանի որ այն միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է եղել: «Իմ պարտականությունն եմ համարում Ձեզ տեղեկացնել, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը 1965թ. անվերապահորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունն` ապրիլի 20-ին ընդունած 13326 բանաձևով, որից հետո իմ երկիրը դարձավ առաջինը միջազգային ընտանիքի մեջ, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ այդ ուղերձի օրն Ուրուգվայի խորհրդարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին պատգամավորներ և իմ երկրի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց պատգամը փոխանցեցին այդ առթիվ»,- ասված է պատասխան նամակում:

Պատգամավորը Թուրքիայի դեսպանին հիշեցրել է, որ 2011թ. նոյեմբերի 4-ին ընդունած 18834 բանաձևով Ուրուգվայի խորհրդարանը հանձնարարել է երկրի կրթության և մշակույթի նախարարությանը Հայոց ցեղասպանության թանգարան ստեղծել` նպատակ ունենալով տարածել հայոց մշակույթը և տեղեկություններ հավաքել հայ գաղթականների մասին: Նա նշել է, որ բոլոր այդ դրույթները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի կողմից` առանց որևէ առարկության:

«Ուրուգվայը, համաձայն իր ավանդույթների, հավատարիմ է մնում մարդու իրավունքների պաշտպանությանը, և Հայոց հարցը մեզ համար վճռված է, ինչպես որ մենք անհրաժեշտ ենք համարում: Ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որով պետք է անցնել ճշմարիտ հաշտեցման ուղին հարթելու համար: Ուրուգվայը երիտասարդ երկիր լինելով հանդերձ` ձևավորվել է տարբեր գաղթական ալիքների վրա, ուր մարդիկ եկել են` ձգտելով հեռու մնալ ատելությունից և այլ տխուր երևույթներից, և, կարելի է ասել, որ մենք մեծ ջանքեր ենք գործադրել խոսքի ազատության, արդի ժողովրդավարական համակարգի լիարժեք ապահովման, ինչպես նաև խաղաղության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության համար»,- ասված է պատգամավորի նամակում:

Ուելմոն ընդգծել է, որ չի ցանկանում խորանալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղերձի մեջ, ուր վստահաբար տարաձայնությունների շարքի կհանդիպի` հավելելով, որ արտահայտում է այն համերաշխությունը, որ ուրուգվայցիները տածում են հայ նահատակների հանդեպ: Նա նշել է, որ Ուրուգվայը սկզբունքների երկիր է և շարունակելու է գործել նույն ձևով` այն պարզ պատճառով, որ երկրում փափագում են, որպեսզի աշխարհը հենց այդպես ճանաչի Ուրուգվայը, որը կառչած է մնում այն ազնիվ սկզբունքներին, որ պատգամել է երկրի ազգային հերոս Խոսե Արթիկասը. «Ազատության հետ մարդուն չեմ վիրավորում և ոչ էլ վախենում եմ»:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից