Իսրայելի Քնեսեթի անդամները խոսել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց բարոյական պարտականության մասին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեաները պետք է ճանաչեն հայ ժողովրդի տառապանքը` թեկուզև առանց որևէ մեկին մեղադրելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով asbarez.com-ը, այս մասին Հայոց ցեղասպանության մասին լիագումար նիստում քննարկման ժամանակ հայտարարել է Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:Քնեսեթի անդամ, «Մերեց» կուսակցության ղեկավար Զևա Գալ-օնի նախաձեռնությմաբ օրակարգ բերված հարցի քննարկման ժամանակ Էդելշտեյնը նշել է, որ քննարկումը չի մեղադրում որևէ ժամանակակից պետության, այլ ցույց է տալիս, որ իրենք նույնացնում են իրենց կոտորածի զոհերի և դրա սարսափելի հետևանքների հետ: «Մենք չենք մեղադրում, մենք գործում ենք իբրև հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և զսպել մարդկային արժեքները դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից ելնելով»,- ասել է Էդելշտեյնը:
Քնեսեթի անդամ Գալ-օնը կոչ արեց կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախքան հաջորդ տարի դրա հարյուրամյա տարելիցը: Նա ընդգծեց, որ պետությունը իր ներկա շահերը պետք է զոհաբերի հանուն ցեղասպանության ճանաչման: «Ամեն անգամ այլ է քաղաքական իրադրությունը: Երբ մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը, սակայն հետո տեղի ունեցան Մավի Մարմարայի դեպքերը և մենք փոխեցինք մեր կարծիքը»,- նշել է Գալ-օնը: Ընդգծելով, որ Քնեսեթի անդամների զգալի մասը Հոլոքոսթի վերապրածների երեխաներն են, «Մերեց» կուսակցության առաջնորդն ասաց, որ որպես Հոլոքոստը վերապրած ազգ իրենք չեն կարող շարունակել հերքել Հայոց ցեղասպանությունը:
Քնեսեթի մեկ այլ անդամ Ռեուվեն Ռիվլինն այս կապակցությամբ նշել է. «Ինձ համար բարդ է ներել մյուս ազգերին մեր ողբերգությունը հերքելու համար, և մենք չենք կարող հերքել մյուս ազգի ողբերգությունը: Դա մեր բարոյական պարտականությունն է որպես ժողովուրդ և իբրև հրեաներ»: Նրա համոզմամբ` վերջերս Էրդողանի արած հայտարարությունը կապված է այն փաստի հետ, որ ավելի ու ավելի շատ երկրներ, այդ թվում և Իսրայելը, հրաժարվում են հերքել Ցեղասպանությունը:
Հրեաների ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտականության մասին է խոսել նաև Իսրայելի զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուն: «Լավ է, որ Քնեսեթը նշում է այս ողբերգությունները: Իսրայելական պետությունը երբեք չի ժխտել կատարվածը: Մենք հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կվավերացնեն մի քանի տարի առաջ ստորագրած համաձայնագիրը և կշարունակեն ունենալ բաց, խորքային երկխոսություն, որը կօգնի նրանց բուժել այն վերքերը, որոնք մի քանի տասնամյակ է բաց են մնացել»,- ասել է Լանդաուն: