Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ երկրպագուների սպասումներն արդարացան. «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն անցավ եզրափակիչ փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո` ներկայացնելով «Not alone» երգը: Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք վոկալի կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով առաջին հերթին ազդեցիկ վոկալ:

Երգչի բեմական հագուստը մոխրագույն էր, այն հեղինակել է դիզայներ Արամ Նիկոլյանը: Նա բաճկոնի վրա կրում էր հայկական դրոշի գույներով շեղանկյունաձև զարդ, որը նախքան ելույթը Հայաստանի մասին պատմող տեսաբացիկում երգիչը իր ձեռքերով պատրաստում է Հայաստանի խորհրդանիշներից մեկից` նուռից:

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը` Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Հունգարիան, Հայաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Ադրբեջանը,ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Նախքան մրցույթը Առաջին ալիքի ուղիղ եթերում մեր երկրի պատվիրակը նշեց, որ ունի բարձր տրամադրություն: «Լավ երեկո է սպասվում, կարծում եմ, մեզ մոտ կստացվի»,- նշեց մրցույթում մեր դեսպանը:

Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

«Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Նախքան առաջին կիսաեզափակիչը տարբեր ոլորտները ներկայացնող հանրահայտ մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում հաջողություն էին մաղթել «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակին: Նրանց թվում էր նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով նշել էր, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը հենց Արամ MP3-ին էր ներկայացնելու: «Ֆեյսբուք»-ը վերջին մի քանի ժամերի ընթացքում հեղեղված է մեր պատվիրակի ելույթին ուղղված գովեստի խոսքերով, սատարող կոչերով:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Համաձայն մրցույթի կանոնադրության` միանգամից եզրափակիչ են անցնում մրցույթի հիմնադիր հանդիսացող Մեծ հնգյակի երկրները, ինչպես նաև 2013 թվականի հաղթող Դանիան: Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում է գտել միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջատարներից է: Բացի այդ բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին: Առաջին ալիքը Yerevan Mall-ից, ուղիղ եթերում նախքան մրցույթի մեկնարկը ամփոփեց նաև «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակության և մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկեր Ucom ընկերությանը համատեղ համացանցային լուսանկարչական մրցույթի արդյունքները: Մրցույթում հաղթեցին Ասյա Բեկյան և Ռազմիկ Մալխասյան զույգը` իրեց փոքրիկ որդու Արմենի հետ: Համեվրոպական մրցույթն ուղղիղ եթերում հնարավորություն ունեն դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:

Կիսաեզրափակչին հետևեց Տաթևիկ Գրիգորյանը

Հայերեն English Русский

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը