Քաղաքականություն

Դեսպան Եգանյանը հարցազրույց է տվել կանադական «The Prince Arthur Herald» պարբերականին

5 րոպեի ընթերցում

Դեսպան Եգանյանը հարցազրույց է տվել կանադական «The Prince Arthur Herald» պարբերականին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հարցազրույց է տվել կանադական «The Prince Arthur Herald» պարբերականին` խոսելով հայ-կանադական երկկողմ հարաբերությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` դեսպան Եգանյանը նշել է, որ Հայաստանը և Կանադան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հիանալի պատմություն ունեն: Ավելի քան երկու տասնամյակ առկա բարեկամության ընթացքում երկու երկրները որևէ խնդիրներ կամ վեճեր չեն ունեցել: Ընդհակառակը` նրանք միմյանց լիովին աջակցել են համատեղ աշխատանքի բազմաթիվ բնագավառներում: Օրինակ` Կանադան անվերապահորեն աջակցեց Հայաստանի անդամակցության հայտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում` 2006թ. դիտորդի կարգավիճակից մինչև 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ այնուհետև` նաև լիիրավ անդամություն 2012թ. հոկտեմբերին: Եգանյանը նշել է, որ Հայաստանը հպարտ է լինել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մաս, քանի որ կիսում է շատ ընդհանուր արժեքներ և տարեկան անցկացնում է մեծ թվով միջոցառումներ, ինչն ակնհայտորեն խոսում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև առկա կապի մասին կրթության, արվեստի, մշակույթի և այլ բնագավառներում:

Բացի այդ, ըստ դեսպանի, հայ-կանադական երկկողմ հարաբերությունները շարունակականորեն զարգանում են նաև երեք այլ գործոնների միջոցով:

Առաջին հերթին, երկու կառավարությունների բարեկամության խորհրդարանական խմբերը ակտիվորեն ներգրավված են խորհրդարանական դիվանագիտության առաջ մղման և հաղորդակցության տարատեսակ միջոցների հաստատման հարցերում:

Երկրորդ` Կանադայի հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում երկու ժողովուրդների միջև: Թեև այն փոքրաքանակ է, նրա կազմակերպվածության բարձր մակարդակը օգնում է բիզնեսին և փոխանակումներին վերաբերող հարցերում:

Երրորդ` Հայաստանը պարբերաբար մասնակցում է խաղաղապահ առաքելությունների` ներկայումս տեղակայված զորքեր ունենալով Աֆղանստանում և Կոսովոյում, և շատ բազմակողմ ծրագրերի, որոնք աջակցում են խաղաղությանն ու կայունությանը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի «Գործընկեություն հանուն խաղաղության» ծրագիրը: Այս կապի միջոցով Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել արևմտյան երկրների, այդ թվում` Կանադայի հետ:

Անդրադառնալով երկու երկրների բարեկամության կարևորությանը` դեսպան Եգանյանն ասել է, որ Կանադան ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում դրական փորձի կրող է, իսկ Հայաստանի նպատակը հենց շատ ուժեղ ժողովրդավարական հասարակության կառուցումն է:

Խոսելով Կանադայի հետ Հայաստանի հարաբերությունների հիմնական առաջնահերթությունների մասին` դեսպան Եգանյանը նշել է, որ կանադական հանքարդյունահանող ընկերությունները, ինչպես նաև այլ հումք արդյունահանող կազմակերպություններ արդյունավետ աշխատանք են ծավալել Հայաստանում: Եղել են նաև որոշ հաջողակ համատեղ նախագծեր, այդ թվում նաև` «Blackberry»-ի հետ հայ մասնագետների համագործակցությունը: Ներկայումս առևտրի ծավալները մեծ չեն, բայց հիմքերն ամուր են, և առկա են մեծ հեռանկարներ ապագայի համար:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին` դեսպան Եգանյանը շեշտել է, որ, նախևառաջ, նա կցանկանար տեսնել Երևանում Կանադայի դեսպանատան բացումը, ինչը կընդլայներ փոխադարձ կապերը, ինչպես նաև կխթաներ երկկողմ հարաբերությունների քաղաքական և դիվանագիտական ասպեկտները:

Բացի այդ, ըստ դեսպանի, ցանկալի է աճ արձանագրել առևտրաշրջանառության ոլորտում: Հայկական ընկերությունները կարող են և պետք է լինեն գործընկերներ ավելի մեծ թվով կանադական ընկերությունների հետ:

Ի վերջո, դեսպանությունը պետք է շարունակի նպաստել Կանադայում Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին տեղեկացվածության մեծացմանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Կանադայի կառավարության (ներառյալ Քվեբեկի) և խոշոր քաղաքների (ներառյալ Մոնրեալը) կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում