Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին նպաստում է Վանում զբոսաշրջության զարգացմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին մեծապես նպաստել է քաղաքում զբոսաշրջիկների թվի աճին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է հայկական «Ակոս» պարբերականը: Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2005 թվականի մայիսի 20-ից և իր ավարտին էին հասել 2006 թվականի հուլիսի 21-ին: Արդեն 2007 թվականի մարտի 29-ին այն պաշտոնապես բացվեց որպես մշակութային թանգարան:
Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն` եթե 2006 թվականից առաջ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու այցելուները մի քանի հարյուրն էին, ապա 2009 թվականին դրանց թիվը 34 հազար էր, իսկ արդեն 2013 թվականին այցելուների թիվը հասել էր 71 հազարի:
Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, որ եկեղեցու վերանորոգումից հետո առհասարակ ավելացել է Վանի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը: Նա նշել է, որ այստեղ դեռևս կան եկեղեցիներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, սակայն քանի որ դրանց վերականգնումը բավականին մեծ գումար արժե, իրենք դեռևս այն չեն նախաձեռնում:
Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ., Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին: Եկեղեցու ճարտարապետը Մանվելն է: Սուրբ Խաչ հայկական եկեղեցին հայտնի է ներսի պատերի և գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր և Հին կտակարաններից և պահպանվել են մինչև մեր օրերը: