Մշակույթ

Կոմպոզիտորների միության շենքի պատին զետեղվեց Ալեքսանդր Հարությունյանի հուշատախտակը

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտորների միության շենքի պատին զետեղվեց Ալեքսանդր Հարությունյանի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կոմպոզիտորների միության տան պատին ապրիլի 29-ին զետեղվել է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմպոզիտորների միությունից, հուշատախտակը տեղադրվել է Հարությունյանի ընտանիքի հովանավորությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով: Նախաձեռնությունը հաստատվել էր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից:

Անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականին, Երևանում: 1927թ. սովորել է Երևանի կոնսերվատորիային կից մանկական խմբում: 1934-41թթ. սովորել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում: 1939թ. դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1941թ. գործուղվել է Մոսկվայի կոնսերվատորիա` կոմպոզիցիայի գծով ուսումը շարունակելու համար: 1954-90թթ. եղել է Հայաստանի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը: Եղել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կոմպոզիտորների միությունների վարչությունների անդամ: 1965թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի պատվերով գրել է «Ռեքվիեմ» երգչախմբային ստեղծագործությունը` նվիրված Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցին: 1967թ. ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան, որի համար արժանացել է Պետական մրցանակի: 1962թ. արժանացել է ՀԽՍՀ, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1988թ. գրել է Ջութակի կոնցերտը` նվիրված Լենինականի երկրաշարժին: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:Մահացել է Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում