Հարություն Խաչատրյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում ապրիլի 30-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակից, ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:

Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988 թ.՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ. արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին:

Հանդիսանալով հեղինակային վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն աշխարհում` «Vision du Reel»-ը նաև իր ծրագիրն է ներկայացնում Կաննի միջազգային կինոփառատոնում. վերջինս յուրաքանչյուր տարի հատուկ ծրագրով ներկայացնում է աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերի փառատոների առաջարկած ծրագիրը: «Vision du Reel»-ի առաջարկով` Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել է նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Կաննի ՄԿՓ-ը այս տարի տեղի կունենա մայիսի 14-25-ը:

Հարություն Խաչատրյանի այս ֆիլմը 2013-ի նոյեմբերի 7-ին ցուցադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Խաչատրյանի նոր աշխատանքի հիմքը Հայաստանից հեռացած և օտար հողում նոր կյանք սկսած մարդկանց պատմություններն են: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին:

«Փախուստը հայրենիքից և ազգից մի շարք երկրների համար է խնդիր դարձել, և այդ բոլոր ազգություններն ուսումնասիրում են տվյալ հարցերը: Նման ուսումնասիրություն էլ հենց այս ֆիլմն է: 25 տարի անընդմեջ ես նկարել եմ 7-8 տարբեր մարդկանց, ովքեր 1980-ականներին հեռացան Հայաստանից, հետևել եմ նրանց կյանքին, ճամփորդություններին, ձեռքբերումներին: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ նրանք հեռացան: Ֆիլմն այս հարցերին պատասխաններ չի տալիս, պարզապես բարձրացնում է հարցեր, ստիպում է անհանգստանալ, մտածել, և մարդիկ սկսում են փնտրել պատասխաններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Խաչատրյանը:

«Հայկ.փախուստի»կինոնկարը 6-7 ֆիլմերից բաղկացած շարքի ֆիլմերից մեկն է: Ֆիլմը նախորդ տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: Խաչատրյանը նշել էր, որ գրեթե ամեն տարի ստեղծում է նոր ֆիլմ: Հաջորդ ֆիլմը հանրությանը կներկայացվի2014 թվականին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից