Հրայր Թովմասյանը սահմանադրական բարեփոխումների հարցում չի կիսում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անհրաժեշտություն է համարում սահմանադրական բարեփոխումները, որոնք կարող են լուծում տալ ներկայում արդյունավետ կառավարման հետ կապված մի շարք խնդիրների: «Կառավարման գործընթացում լիազորությունների, պատասխանատվության հստակ անհամամասնություն գոյություն ունի, հստակ չի մեզանում քաղաքական ընդդիմության դերակատարությունը և այս բոլոր հարցերին պատասխան է պետք տալ: Այսինքն`լիազորությունների կրկնություն, լիազորություն` պատասպանատվության բացակայությամբ, լիազորություն, բայց դրա հնարավորությունների բացակայություն, դրանք խնդիրներ են առաջացնելու ցանկացած երկրում: Մի մասը փնտրում է ուղղակի կապ` այս փոփոխությունը արեցինք, վաղը մարդիկ ավելի լավ են ապրելու, այդ կապը կարող է ունենալ հիմնավորում և կարող է ենթադրվել, որ լավ ու արդյունավետ կառավարումը իր հետ բերելու է այդ խնդիրների լուծումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով` այդ լուծումներից մեկն էլ կառավարման պառլամենտական ձևին անցումն է:
Հարցին, թե ինչպիսի գնահատական կարող է տալ արդարադատության նախարարի պաշտոնակատարը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նշեց. «Քաղաքական գործընթացներում ինձ համար անհասկանալի է թաքնված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական գործընթացների մասանակցելու, դա պետք է անել բացահայտ: Վաղուց թաքնված գործելու ժամանակներն անցել են: Եթե քաղաքական գործընթացները քեզ չեն հետարքրքում, ապա դու քաղաքական մյուս հարցերին էլ պետք է անդրադարձ չկատարես: Եթե դու պատրաստ ես քաղաքականություն մտնել, բաց ասել քո ծրագրերը, այս գործելակերպին պետք է վերջակետ դնել»,-եզրափակեց Հրայր Թովմասյանը:
Ապրիլի 22-ին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին Սահմանադրության բարեփոխումների, ինչպես նաև մի քանի այլ հարցերի շուրջ: Նրա խոսքով` չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Ըստ Քոչարյանի` սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: