Քաղաքականություն

Կառավարության նպատակները շարունակում են նույնը մնալ. Դավիթ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Կառավարության նպատակները շարունակում են նույնը մնալ. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նպատակները շարունակում են նույնը մնալ. կարող են փոխվել առաջնահերթությունները: Այս մասին Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում նշց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Կարող են փոխվել նաև նպատակները և առաջնահերթությունները կյանքի կոչելու եղանակները, սակայն, ընդհանուր առմամբ, նպատակները նույնն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Հարցին, թե որոնք են լինելու այն առաջնահերթ խնդիրները, որոնք կառավարությունը պետք է լուծի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դժվար է որևէ խնդիր առանձնացնել: «Առաջին հերթին կառավարությունը պետք է աշխատի բաց և կարողանա համագործակցել հասարակության տարբեր շերտերի հետ, ինչի մասին նորանշանակ վարչապետն արդեն խոսել է: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդ կառավարության նպատակները մնալու են, իսկ աշխատելաոճը կարող է փոփոխությունների ենթարկվել:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու հանգամանքին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նա ունի հմտություններ, որոնք համալսարաններում չեն ձեռք բերում: «Այդ հմտությունները շատերին չի հաջողվի ձեռք բերել, և դրանց շնորհիվ նա կարող է հաջողությունների հասնել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե որոնք են այդ հմտությունները, Հարությունյանը նշեց, որ դրանք են բազմաթիվ տարբերակներիցշատ հաճախ ենթագիտակցորեն ամենաարդյունավետի ընտրությունը, պահանջկոտությունը ու նաև քննարկումներ կազմակերպելու կարողությունը: «Հովիկ Աբրահամյանի շնորհիվ հակադիր կարծիքներ ունեցող մարդիկ շատ հաճախ կարողանում են ընդհանուր մոտեցման գալ, որը նաև արդյունավետ է դառնում»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Ըստ ՀՀ Սահմանադրության` կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում