Սփյուռք

Քեսաբահայերը պատրաստ են ապրել իրենց գյուղաքաղաքում` թեկուզ վրանների մեջ

3 րոպեի ընթերցում

Քեսաբահայերը պատրաստ են ապրել իրենց գյուղաքաղաքում` թեկուզ վրանների մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում իրավիճակը մնում է լարված: Կան բարձունքներ, որոնք բանակն արդեն հետ է վերցրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: «Թեժ կռիվներ են ընթանում ահաբեկիչներից Քեսաբը եւ հարակից տարածքները հետ վերցնելու համար: Տասնութ հայ ծերունիներ արդեն Քեսաբից տեղափոխվել են ԹուրքիայիՎաքըֆհայկականգյուղ: Իմ կարծիքով` Թուրքիան դա արել է, որպեսզի աշխարհով մեկ ցույց տաիր «հյուրասեր» լինելը»,- ասաց նա:

Մեսրոպյանի խոսքով` քեսաբահայերը մեծ հույսեր են փայփայում, որ ամեն ինչ շուտով կխաղաղվի եւ նրանք կվերադառնան իրենց տները: «Կարեւորը նրանց համար ֆինանսի եւ կեցության հարցն է: Մարդիկ կան, որ եկեղեցու բակում են ապրում: Կան տներ, որոնք այրված, թալանված են: Թեկուզ այդ վիճակում` նրանք պատրաստ են գնալ եւ ապրել հենց վրանների տակ, բայց իրենց երկրում»,- հավելեց Վազգեն Մեսրոպյանը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Քեսաբահայ ընտանիքները ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայր ու շենացնել այն: Սփյուռքի մի շարք կառույցներ դիվանագիտական շրջանակների միջոցով բարձրացնում են Քեսաբի հարցն ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում քեսաբյան իրադարձություններին, պահանջում ստիպել Թուրքիային դադարեցնել զինյալներին աջակցությունը: Նրանք կոչ են անում ապահովել քեսաբահայության անվտագությունն ու նրանց հետդարձի հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում