Հայկական ներկայությունը Էստոնիայում. լավաշի ու փախլավայի մասին Տալլինում գիտեն գրեթե բոլորը
5 րոպեի ընթերցում
![Հայկական ներկայությունը Էստոնիայում. լավաշի ու փախլավայի մասին Տալլինում գիտեն գրեթե բոլորը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/04/757407.jpg)
ՏԱԼԼԻՆ, 9 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դպրոց, հայկական եկեղեցի, մշակութային ակումբներ ու խաչքար: Սա մեձբալթյան փոքրիկ երկրում ապրող հայերի եւ նրանց գործունեության ընդհանրական պատկերն է: Էստոնիայի հայ համայնքը թեպետ փոքրաթիվ է, սակայն ոչ միայն կարողանում է ներկայություն ապահովել, այլեւ պահպանել հայի արմատները: Այստեղ պահպանվել են հայկական բոլոր առանձնահատկությունները, անգամ…իրար հետ «յոլա չգնալու» ազգային մենթալիտետը:
Էստոնիայում այսօր բնակվում է 1400 հայ. հիմնականում նրանք գործունեություն են ծավալում երկու խոշոր քաղաքներում` Տալլինում եւ Տարտուում: Երկրում գործում է 11 հայկական կազմակերպություն: Ինչպես եվրոպական մի շարք երկրների համայնքներում, Էստոնիայում ևս հայերն առանձնացած են, իրարից անկախ: «Դա հայկական սովորություն է, հիվանդություն»,- ասում է համայնքի ներկայացուցիչ Արթուր Այանյանը` հավելելով, որ անկախ տարատեսակ անջատումներից, կազմակերպություններից յուրաքանչյուրի առաքելությունը հայկական հետքի ու հայեցի մտածողության պահպանություն է:
Տալլինում եւ Տարտուում գործում են կիրակնօրյա դպրոցներ, որոնք հայ երիտասարդներին օգնում են առնչվել հայոց պատմությանը, գրականությանն ու մշակույթին: «Լեզվի պահպանություն` սա ամենակարեւոր հարցն է, որ դրված է այստեղ ապրող յուրաքանչյուր հայի առաջ: Հայը հայ է, երբ պահպանում է իր լեզուն: Թեպետ համայնքը երիտասարդ է, ընդամենը 25 տարեկան, սակայն հայապահպանության խնդրին լուրջ ուշադրություն ենք դարձնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը` հավելելով, որ խառն ամուսնությունները նույնպես քիչ են. երիտասարդները հիմնականում իրենց ապագա կնոջը նախընտրում են փնտրել Երեւանում:
Տալլինի հայկական մշակութային ամենակարեւորը օջախը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է:
Տալլինի սրտում գտնվող հոգեւոր այս կառույցը ծառայում է ոչ միայն որպես աղոթատեղի, այլեւ փոքրիկ կտոր Հայաստանից, որտեղ հայերը հավաքվում են, քննարկում, զրուցում եւ բանավիճում: Լյութերական եկեղեցու շենքը հայ համայնքին է տրամադրվել 1994թ.` 99 տարի ժամկետով. Խորհրդային Միության տարիներին պահեստի վերածված եկեղեցին այսօր ամբողջությամբ հայկական տեսք է ստացել: Ներսում մի քանի նկարներ են, մոմակալներ եւ փայտե խաչեր: Համեստ տեսքով հանդերձ` եկեղեցին ստացել է հոգեւոր կոթողին հատուկ շունչ: Այստեղ նշվում են եկեղեցական բոլոր տոներն ու ազգային միջոցառումները:
«Հայաստանից հեռու, բայց Հայաստանի հետ»,- ասում է Ռազմիկ Իվանյանը` հավելելով, որ էստոնական սառը եղանակն իր ազդեցությունն է գործել նաեւ տեղի հայերի վրա: Հայկական արեւին եւ ջերմությանը կարոտ` գրեթե միշտ ցուրտ եւ խոնավ Էստոնիայում բնակվող հայերը մի տեսակ դարձել են ավելի հավասարակշռված, ավելի լռակյաց եւ զուսպ: Հայկական խառնվածքին հատուկ կրքոտության եւ ջերմեռանդության պակաս է զգացվում: Հայկական եկեղեցի հաճախողներն էլ տարեցտարի կրճատվում են. պատճառը ոչ միայն զբաղվածությունն է, այլեւ հոգեւոր կյանքի հանդեպ Էստոնիայում առկա ընդհանուր սառնությունը: «1400 հայից լավագույն դեպքում 200 հոգին է եկեղեցի այցելում»,- ասում է Իվանյանը` հավելելով, որ դա լուրջ մտահոգության առարկա է:
Հայկական հետքին ու հայեցի մտածողությանը զուգահեռ` Տալլինում հնարավոր է գտնել հայկական խանութներ եւ հայկական քաղցրավենիք: Հայկական լավաշի եւ փախլավայի մասին Տալլինում շատերը գիտեն. ասում են`եթե ցանկանում ես համեղ քաղցրավենիք գնել, այցելիր հայկական խանութ:
Հայկական համայնքի գլխավոր խնդիրներից մեկը ադրբեջանական համայնքին դիմակայելն է: Թեպետ քանակով քիչ են, սակայն պետական լուրջ աջակցություն են ստանում եւ կարողանում են միջոցառումներ եւ քարոզչություն իրականացնել: Էստոնիայի հայերն ադրբեջանցիներին դիմակայելու առումով համախմբված են: Հենց այս մտածելակերպով են առաջնորդվում տեղի հայերն ու փորձում դիմագրվել ադրբեջանական համայնքին: Լուրջ խնդիրներ եւ պատահարներ չեն գրանցվել, սակայն հաճախ հայերին հաջողվել է ստիպել, որպեսզի Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված մի շարք միջոցառումներ չանցկացվեն:
Այսօր համայնքի օրակարգային հարցը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելն է: Այդ նպատակով արդեն հանդիպել են մերձբալթյան երեք երկրների համայնքների ղեկավարները, քննարկումներ կազմակերպել, ժամանակացույց եւ միջոցառումների անցկացման ծրագիր մշակել: Ռազմիկ Իվանյանը փակագծերը չի բացում, սակայն հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավագույն կերպով կնշվի նաեւ Էստոնիայում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ