Միջազգային մամուլն ուշադրության կենտրոնում է պահում Քեսաբի դեպքերը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա տեղի ունեցող հարձակումները, եկեղեցիների ավերն ու թալանը, ինչպես նաև տեղահանված քեսաբցիների պաշտպանությամբ աշխարհի տարբեր քաղաքներում հայ համայնքների կազմակերպած բողոքի ցույցերը գտնվում են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հեղինակավոր The Washington Post թերթը ներկայացրել է քեսաբցի գաղթականների վկայությունները հարձակումների և տեղահանությունների վերաբերյալ: «(Քեսաբցիների) մի մասը ստիպված է եղել ճանապարհ ընկնել գիշերազգեստով, մյուսները` դաշտային աշխատանքային կոշիկներով հենց դաշտերից: Շատերը մտածում էին, թե կկարողանան ետ վերադառնալ մի քանի ժամից, իսկ այժմ վախենում են, որ նման հնարավորություն այլևս չեն ունենա»,- գրում է թերթը:
Եռամյա պատերազմի ընթցքում սիրիական գողտրիկ Քեսաբ քաղաքը զերծ էր մնացել պատերազմի արհավիրքներից, մինչդեռ այժմ այն ապստամբ գրոհայինների ուշադրության կենտրոնում է և ենթարկվում է սոցիալական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության փոթորիկին: Տասնյակ քեսաբցիների վկայությունները լույս են սփռում հարձակումների և դրա հետ կապված իրադարձությունների վրա: Տարածաշրջանի գրեթե բոլոր բնակիչները գաղթել են հարձակումից հետո 48 ժամվա ընթացքում: Քեսաբցիների վկայությամբ, հարձակումների ժամանակ մարդկային մեծ կորուստներ չեն եղել, հայտնի է մահվան մեկ դեպք, երբ դիպուկահարի կրակոցից սպանվել է տեղացի ուսուցիչը: Ականատեսների վկայությունները ցուցում են, որ ահաբեկիչները հարձակումն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ:
Նշվում է, որ առնվազն 30 ընտանիք գաղթել է հարևան Լիբանան` ապաստան փնտրելով հայկական Այնճար գյուղում և մայրաքաղաք Բեյրութում: Իսկ նրանց ճակատարգրերը, ովքեր չափազանց ծեր էին գաղթելու համար, կամ չէին ցանկացել լքել քաղաքը, հայտնի չէ: Գյուղի հետ կապող հաղորդալարերը կտրված են:
Մերձավոր Արևելքի երկրների իրադարձությունները լուսաբանող «AL Monitor» կայքն ադրադարձել է աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած ցույցերին. թուրքական դեպանատների և հյուպատոսարանների առաջ ցույցեր են արվել Սիդնեյում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում... «Սիրիայի հայ համայնքը համարվում է այդ երկրի յոթերորդ ամենամեծ էթնիկ խումբը` թեև կազմում է Սիրիայի բնակչության ընդամնեը մեկ տոկոսը: Քեսաբի անկումը կարող է թանկարժեք լինել Թուրքիայի համար»,- գրում է AL Monitor-ը:
Կայքը հայտնում է, որ հայերի մտահոգությունները լրջորեն կիսում է նաև Թուրքիայի սահմանամերձ քաղաքների բնակիչների և լրագրողների մի մասը: «Թեև այս մասին հազվադեպ են հաղորդում զանգվածային լրատվամիջոցները` թուրքերը բազմիցս դեմ են դուրս եկել Սիրիայում Թուրքիայի ծավալած գործողություններին: Արված հարցումները պարբերաբար ցուցյ են տալիս, որ թուրք հասարակության փոքր հատվածն է աջակցում ցանկացած ռազմական միջամտությանը Սիրիայում: Ուստի արդարացի կլինի ենթադրել, որ շատ թուրքեր չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում Քեսաբում, քանզի Twitter-ի և YouTube-ի արգելքները շարունակում են գործել»,- հարղորդում է կայքը:
BBC, The Associated Press հեղինակավոր լրատվամիջոցների հետ Քեսաբի իրադարձություններին ամնասն չեն մնում նաև ռուսական ИТАР-ТАСС և իրանական Fars լրատվական գործակալությունները, որոնք լայնորեն լուսաբանում են մարտի 21-ին Թուրքիայի աջակցությամբ իսլամիտ ծայրահեղականների հարձակումները թուրք-սիրիական սահմանին գտնվող հայկական քաղաքի և դրանց հետևանքները խաղաղ բնակչության վրա: