ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանյան ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը հասնում է արդեն 35 գիգաբայթ, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի գրառում է կատարել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, ունի կոնկրետ թիրախ կայք։ «Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ. հնարավոր է, որ եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ ինտերնետ կապի հետ Հայաստանում։ Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, ապա սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ընդանրապես, սա պետք է մեզ հուշի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։