Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որեւէ խոչընդոտ գոյություն չունի. ՀՀ վարչապետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոյություն չունի որեւէ խոչընդոտ, որ կարող է հնարավորություն չտալ Հայաստանին անդամակցելու Մաքսային միությանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո իրականացվել է հսկայական աշխատանք եւ կողմերին մնացել է լուծելու մի քանի խնդիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նշեց, որ դեռեւս չեն ավարտվել բանակցությունները Հայաստանի տնտեսության համար զգայուն համարվող 900 ապրանքատեսակների վերաբերյալ: Վարչապետի խոսքերով, մասնավոր հատվածի հետ հանդիպումների եւ քննարկումների ժամանակ է կազմվել ապրանքների, հումքի ծառայությունների ցանկը, որոնք կարող են զգայուն լինել Հայաստանի համար: Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ` ընթացող բանակցությունների նպատակն է նվազեցնել ռիսկերը:
Մաքսային միությանն անդամակցության համար շարունակվում են բանակցությունները իրավական դաշտի ձեւավորման շուրջ: Դաշտի ձեւավորումը կբերի պայմանագրի ստորագրման: «Ենթակառուցվածքների ձեւավորման շուրջ նույնպես ընթանում են աշխատանքներ, որպեսզի տնտեսական սուբյեկտներն առանց խոչընդոտների կարողանան իրացնել իրավունքները շուկայում»,- ասաց վարչապետը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովը մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Համաժողովին զեկույցներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, նախատեսվում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, պաշտոնատար այլ անձանց զեկույցները:
ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը կայացել է 2011 թ. հոկտեմբերի 30-ին: Կոնֆերանսի արդյունքներով բանաձեւ էր ընդունվել, որով կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: