ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակից, ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:
Ֆիլմը նոյեմբերի 7-ին ցուցադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Խաչատրյանի նոր աշխատանքի հիմքը Հայաստանից հեռացած և օտար հողում նոր կյանք սկսած մարդկանց պատմություններն են: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին:
«Փախուստը հայրենիքից և ազգից մի շարք երկրների համար է խնդիր դարձել, և այդ բոլոր ազգություններն ուսումնասիրում են տվյալ հարցերը: Նման ուսումնասիրություն էլ հենց այս ֆիլմն է: 25 տարի անընդմեջ ես նկարել եմ 7-8 տարբեր մարդկանց, ովքեր 1980-ականներին հեռացան Հայաստանից, հետևել եմ նրանց կյանքին, ճամփորդություններին, ձեռքբերումներին: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ նրանք հեռացան: Ֆիլմն այս հարցերին պատասխաններ չի տալիս, պարզապես բարձրացնում է հարցեր, ստիպում է անհանգստանալ, մտածել, և մարդիկ սկսում են փնտրել պատասխաններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Խաչատրյանը:
«Հայկ.փախուստի»կինոնկարը 6-7 ֆիլմերից բաղկացած շարքի ֆիլմերից մեկն է: Ֆիլմը նախորդ տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: Խաչատրյանը նշել էր, որ գրեթե ամեն տարի ստեղծում է նոր ֆիլմ: Հաջորդ ֆիլմը հանրությանը կներկայացվի2014 թվականին:
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թ-ին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:
Հարություն Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է Նյոնի վավերագրական ֆիլմերի փառատոնին. «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին:
«Vision du Reel» 45-րդ կինոփառատոնը տեղի կունենա ապրլի 25-ից մայիսի 3-ը:
Ռոզա Գրիգորյան