Մոսկվայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ցուցահանդես
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայի Արևելքի թանգարանում բացվել է ցուցահանդես` նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության կայքը, կազմակերպիչները փորձել են փոխանցել հին Թիֆլիսի ոգին և ռեժիսորի կերպարը` որպես դրա անբաժան մաս:
«Մենք առաջին անգամ փորձել ենք ցույց տալ Սերգեյ Փարաջանովին ոչ թե որպես ռեժիսոր, ինչպես նրան առիթից առիթ են ցույց տալիս, այլ որպես Թիֆլիսի բացարձակ «պրոդուկտ», որպես բացարձակ թիֆլիսեցի: Միայն այնտեղ կարող էր ծնվել այն մարդը, որ ազգային կինո է նկարահանել Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար: Նա իր մեջ է ներծծել այդ բազմազգ քաղաքի հոգին»,- նշել է հավաքածուի սեփականատեր Արամ Բաբլոյանը:
Հին Թբիլիսիում կամ Թիֆլիսում Փարաջանովի հետ հնարավոր է հայտնվել անցնելով ցուցահանդեսի կենրոնական սրահներից մեկով: Պատերին փողոցների անուններով հին ցուցանակներ են, բացիկներ, ինչպես նաև նկարներ` միջոց փոխանցելու համար այն կերպարները, որոնց ազդեցության ներքո ձևավորվել է «Նռան գույնի» և «Մոռացված նախնիների ստվերների» հեղինակի կինեմատոգրաֆիկ լեզուն:
Երկար տարիների ընթացքում Փարաջանովին նկարահանել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Միխայիլ Նասբերգը, Յուրի Ռոստը և Վիկտոր Բաժենովը: Նրանց աշխատանքներից ցուցահանդեսի կազմակերպիչները պատրաստել են մեծ կոլաժ, որի վրա ռեժիսորը հայտնվում է կատակային և անսովոր կերպարներով:
Ցուցանմուշներից շատերն առաջին անգամ են նեկայացվում հանրությանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 18-ը: