«Ականատեսը». Վանից գաղթի ճանապարհը 99-ամյա Մաքրուհի Գևորգյանին հիշեցնում է մոր կորուստը

7 րոպեի ընթերցում

Արմենպրես»լրատվական գործակալության` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Ականատեսը»հատուկ նախագիծն ընթերցողներին դատին է ներկայացնում ցեղասպանությունը վերապրած մարդկանց կյանքի պատմությունները, որոնք հավաքագրելու նպատակով մեր ստեղծագործական խումբն այս անգամ այցելել է Արարատի մարզ: Նախագիծն Ավշար գյուղի ամենատարեց բնակչուհու` 99-ամյա Մաքրուհի Գևորգյանի մասին է:

ԱՎՇԱՐ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ավշար գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի բակում այցելուներին ներկայանում է շուրջ 60-ամյա կենսագրություն ունեցող «Սուրբ Նարեկ» աղոթատեղին, որը սեփական ձեռքերով կառուցել է 1915 թվականին Վանում ծնված Մաքրուհի Գևորգյանը: Փոքրիկ սրբավայրում տեղ են գտել Վանից բերված բացառիկ մասունքներ, սրբապատկերներ, խաչքարեր, որոնք հետագայում համալրվեն են նաև հավատը խորհրդանշող այլ նմուշներով: «Տատիկս ծննունդով Վանից է: Նրա մայրը հղի է եղել և գաղթի ճանապարհին մահացել է: Հայրը շատ հարուստ մարդ է եղել և գաղթի ճանապարհին, ամեն օր մեկ ոսկի է վճարել մի արաբ կնոջ` տատիկիս նավի վրա կրծքի կաթով կերակրելու համար»,- պատումը մեզ է փոխանցում Մաքրուհու թոռնուհին` Մարինե Հակոբյանը:

Պատմական տեղեկանք

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Համաձայն ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում ու Վանա լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները: Վանում բնակվող հայերը զբաղվել են ոսկերչությամբ, գորգագործությամբ, ձկնորսությամբ և այլն:

Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: 1915-1918 թթ. տասնյակ հազարավոր հայեր ստիպված թողած տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին քաղաքի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը։Կոտորածներից փրկված հայերի մի մասը հաստատվել է Արևելյան Հայաստանում: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը: Այժմ հայոց առաջին մայրաքաղաքը Թուրքիայի տարածքում է` Արևմտյան Հայաստանում:

Մաքրուհին ավագ քրոջ` Զարոյի և հոր` Բաղդոյի հետ, հասել է Հայաստան` հաստատվելով Ավշար գյուղում: Նա ունեցել է մոտ տասը հորեղբայրներ և քեռիներ, ում, ցավոք, այլևս երբեք գաղթից հետո տեսնելու հնարավորություն չի ունեցել:

Դաշտում աշխատանքների ընթացում հանդիպելով ապագա ամուսնուն` Գասպարին, պատմության հերոսուհին ամուսնանում է, ունենում 6 երեխա` հինգ տղա և մեկ աղջիկ: «Պապիկս և տատիկս Ավշար գյուղի հիմնադիրներից են: Տատիկս կրթություն չունի: Նա հեքիմ է, կարողացել է բուժել տարատեսակ վերքեր, այրվածքներ: Իր կարծիքով` այդ կարողությունն Աստված է շնորհում»,- ժպիտով ասում է թոռնուհին` ավելացնելով, որ տատը սովորաբար վերքը ոչ թե փափաթում էր շորով, այլ անմիջապես հող լցնում վրան:

Հարյուրավոր գյուղացիներ են եկել Մաքրուհու մոտ և բոլորին էլ բուժել է, օգնություն ցուցաբերել: Առ այօսր, ի նշան երախտագիտության, շատերն իրենց երեխաներին Ավշարում շարունակում են տալ Նարեկ կամ Մարիամ անունը: «Տատիկս ասում է, որ մենք լավ չենք սնվում, մինչդեռ իրենք այն ժամանակ թարմ-թարմ կաթ ու մածուն էին ուտում: Ինքը շատ քիչ է ուտում, պահպանում է իր նորման` ժամ առ ժամ: Երեկոյան ժամերին չի ուտում` ասելով, որ ժամը ութից հետո ուտելիս մարդու շունչը, կարծես, կտրվի »,- ասում է թոռնուհին:

Մաքրուհի տատի սրտում միշտ վառ է եղել մորը կորցնելու վիշտը, հայրենիքի կարոտը, բայց կյանքի դժվարություններն ստիպել են մշտապես զբաղվել տան հոգսերով, երեխաների խնամքով, սակայն, երբեք չկորցնելով ցեղասպանության ճանաչման հույսը: Մաքրուհին հավատացել է, որ արդարության հստատման հնարավոր է հասնել միայն ժողովրդի միասնության շնորհիվ:

«Տատիկս հյուրերին միշտ դիմավորել է «Հյուրասիրվի՛ր, օգտվի՛ր, մի՛ ամաչի, բարով ես եկել» խոսքերով, նա չափազանց բարեհոգի է, հոգատար և հյուրասեր: Ողջ բակի երեխաների համար հաց է թխել ու բաժանել»,- պատմում է զրուցակիցս` հերքելով այն թյուր կարծիքը, թե վանեցիները ժլատ են: Նա հավաստիացնում է, որ իրականում նրանք արարող են և շենացնող:

Մաքրուհին ընտանիքի միակ երկարակյացը չէ: Նրա հայրը մահացել է 120 տարեկանում, իսկ ամուսինը` 90:

«Կյանքիցս գոհ գնացի, Վանից կարոտ մնացի»,- կյանքի վերջում արտաբերած տողերն այժմ գրված են ականատեսի ամուսնու, նույնպես վանեցի Գասպարի գերազմանի վրա, ով, չնայած իր տարիքին, որոշել էր տեսնել Վանը և նոր մահանալ, սակայն չէր հասցրել իրականացնել վաղեմի երազանքը: Վան այցելած նրա ծանոթները նրա մահից հետո Վանից մի բուռ հող են բերել` գերեզմանին լցնելու համար:

Վանեցի լինելու մասին են վկայում նաև այն կերակրատեսակները, որոնք միշտ պատրաստել է Մաքրուհին: «Ծիրանի չրով ճաշը շատ համեղ է: Քրջիկը և չոթանով ճաշը նույնպես իրենց սեղանից անբաժան են եղել»,- ասում է Մարինեն, ում հավաստմամբ` տատիկը մշտապես թաքուն հույս է փայփայել, որ մի օր իրեն էլ հանրությունը կանդրադառնա, ուշադրություն կդարձնի որպես ցեղասպանությունը վերապրածի, մարդու, ով շատ դժվարություններ է տեսել:

Եթե ընդամենը մեկ տարի առաջ Մաքրուհին կարողանում էր զբաղվել տան գործերով, հողամասային աշխատանքներով, ապա այժմ ունի առողջական խնդիրներ, հիշողության կորուստ: Նրան խնայելով` ընտանիքի անդամները չեն պատմել կրտսեր որդու վաղաժամ մահվան մասին, սակայն, նրանց հավաստմամբ, նա ենթագիտակցաբար զգում է որդու բացակայությունը, ինչն էլ անքուն գիշերների, տեսիլների պատճառ է դառնում:

Թոռնուհուհին ընդգծում է, որ իրենց միակ ցանկությունն է, որպեսզի տատիկի թոշակը իր փոխարեն ստանալիս կամ առողջական խնդիրներին վերաբերող այլ փաստաթղթային գործընթացներում համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ավելի ներողամիտ գտնվեն, և տատիկը զգա իրեն այնքան անհրաժեշտ հանրության հոգատարությունը:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը