Պաշտոնական

ՀՀ Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ և ներկա գտնվել բժշկական գործիքների գործարանի բացմանը

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ և ներկա գտնվել բժշկական գործիքների գործարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շինաշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նշվել է, որ համալիրի շինաշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով և 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում:

Հանրապետության Նախագահն այսօր Երևանում ներկա է գտնվել նաև ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին: Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն դոլար:

Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչև այս տարվա մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր:

Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում այսօր այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա Մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցության վերաբերյալ հուշագրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում