ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մարդաբանության եւ սոցիալական հետազոտությունների պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը բացատրել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին 2014 թ-ի Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, axar.az կայքին տված հարցազրույցում նա ասել է, որ իր ստեղծագործություններում Աքրամ Այլիսլին աշխարհը չի բաժանում իրավացիների եւ անիրավացիների:
«Ըստ ինձ` դիմակայության փոխարեն` ամենադժվար վիճակներում երկխոսություն ստեղծելու համար հարկավոր է աջակցել առաջ քաշված բոլոր նախաձեռնությունները: Դա օգնում է տեսնել աշխարհը ոչ թե սեւ-սպիտակ, այլ բոլոր գույներով: Դա, իրավացի եւ ոչ անիրավացի ասելով, աշխարհը չի բաժանում երկու մասի: Դա հարկադրում է մեզ մտածել յուրաքանչյուրիս սխալական լինելու եւ մեր սեփական սխալները կրկին ուղղելու մասին: Ես Աքրամ Այլիսլիի ստեղծագործություններում հենց այս պաթոսն եմ տեսնում: Ճիշտ է, սա շատերի կողմից ճիշտ չի հասկացվելու եւ ճիշտ չի ընդունվելու: Բայց, իմ կարծիքով, ամբողջ կյանքում ոչինչ չանելով` հակամարտության մեջ ապրելու փոխարեն ինչ-որ բան անել` ապրելն, ավելի լավ է: Գուցե, ես իրավացի չեմ, բայց ես այսպես եմ հասկանում իրադրությունը»:
Սերգեյ Աբաշինը Աքրամ Այլիսլիին Նոբելյան մրցանակի թեկնածու ներկայացրած մի խումբ արեւմտյան գործիչներից է:
Նոբելյան մրցանակի կոմիտեին հասցեագրված դիմումում նշվում է, որ Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում «զարմանալի խիզախություն է ցուցադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ թշնամությունը վերացնելու գործում»:
Ադրբեջանի ժողովրդական գրող, արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի «Շոհրաթ» եւ «Իստիգլալ» շքանշանների ասպետ Աքրամ Նաիբովը (Այլիսլի) «Քարե երազներ» վեպում ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1918 թ-ին` Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին` Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային հիստերիա են հրահրել: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին` Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից զրկելու մասին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:
ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:
Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:
«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Փառահեղ խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է: