Սպորտ

Բրիտանական պարբերականը Լևոն Արոնյանին համարում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը

4 րոպեի ընթերցում

Բրիտանական պարբերականը Լևոն Արոնյանին համարում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը

ԼՈՆԴՈՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խանտի Մանսիյսկում մարտի 13-31-ը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում հաղթելու հիմնական ֆավորիտը և շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել բրիտանական Standpoint պարբերականը: Արոնյանն ինքը ևս վստահ է իր ուժերին: «Ես հավատում եմ, որ լավ կներկայանամ: Բայց դա չի վերաբերում միայն Կարլսենին, ես վստահ եմ, որ հաջողությամբ հանդես կգամ յուրաքանչյուրի դեմ»,- պարբերականին տված հարցազրույցում նշել է նա:

Խանտի Մանսիյսկում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կպայքարեն նաև Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շահրիար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Դմիտրի Անդրեյկինը: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ անցկացնել ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի հետ։ Ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան, թեև չի մասնակցում մրցաշարին, անցած ամիս հայտարարել էր, թե ինքը միակ մարդն է, ով կարող է Կարլսենի «առաջն առնել»: «Ես զգում եմ, որ այս պահին ամենամեծ սպառնալիքը Կարլսենի համար ես եմ ներկայացնում, իսկ Լևոն Արոնյանը չափազանց «մեծ» է Կարլսենին հաղթելու համար»,-ասել է նա:

Արոնյանն ամենևին չի վիրավորվել այդ հայտարարությունից` բավական իմաստուն գտնվելով և նման խոսակցություններ չվարելով: «Եթե Հիկարուն ինձ չափազանց մեծ է համարում, ապա իրեն նույնպես պետք է մեծ զգա, քանզի ինքն ինձնից այնքան էլ փոքր չէ»,- պարբերականին հայտնել է հայ գրոսմաստյերը:

Ըստ Standpoint-ի` Արոնյանի գերմրցունակությունը պայմանավորված է նաև նրա յուրհատուկ մշակութային ժառանգությամբ: Ունենալով ազգությամբ հայ մայր և հրեա հայր` Լևոն Արոնյանը փաստորեն կրում է երկու ցեղասպանված ժողովուրդների ժառանգությունը: «Այդ ժառանգությունը քեզ կոփում է դիմակայել խոչընդոտներին, քանզի դու գիտես, որ դրանք ոչինչ են այն ամենի համեմատ, ինչ կրել են քո ժողովուրդները»,- նշել է Արոնյանը:

Հրեաների պատմական կապը շախմատի հետ լավ հայտնի է, մյուս կողմից ժամանակակից Հայաստանը համարվում է շախմատային աշխարհում առավել ուշագրավ ձեռքբերումների հասած երկրներից: Դեռևս 1963 թվականին Խորհրդային Միության հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթեց հրեա Միխայիլ Բոտվիննիկին` դառնալով շախմատի աշխարհի չեմպիոն:

Հայաստանը նաև միակ երկիրն է, ուր շախմատն ընդգրկված է պարտադիր դպրոցական ծրագրում, իսկ հայ գրոսմայստերները աշխատավարձ են ստանում պետությունից: «Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում, քան հրեա, թեև իմ բնավորության որոշ կողմեր ավելի շատ բնորոշ են հրեական մշակույթին, այդ թվում` արվեստին և երաժշտությանը»,- նշել է Լևոն Արոնյանը` բացատրելով, որ դա է պատճառը, որ ինքն օգտագործում է հայկական` Արոնյան ազգանունը, հոր Արոնով ազգանվան փոխարեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում