Տնտեսություն

ՓՄՁ ԶԱԿ-ը ևս 100 բելառուսական տրակտոր է ներմուծում Հայաստան

3 րոպեի ընթերցում

ՓՄՁ ԶԱԿ-ը ևս 100 բելառուսական տրակտոր է ներմուծում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում սկսել է ևս 100 հատ բելառուսական տրակտորների խմբաքանակի ներմուծումը Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, դա 2013թ. հուլիսին Հայաստանի Հանրապետություն ներմուծված «Բելառուս» մակնիշի 120տրակտորներին և 135 միավոր կից սարքավորումներին հաջորդող երկրորդ խմբաքանակն է:

Այս տարվա արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում ինքնարժեքով, որը Հայաստանի շուկայական գնից ցածր է մոտ 30 տոկոսով: Տրակտորի գինը 7 միլիոն դրամ է: Դրանք առաջարկվում են կանխիկ գումարով և լիզինգով: Լիզինգային պայմաններն են՝ 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս` ներառյալ ռիսկի ապահովագրումը, դրույքաչափով, 6 տարի մարման ժամկետով` տրակտորների համար, և 3 տարի` հարակից սարքավորումների համար:

Լիզինգն իրականացնում է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ):

Մի քանի օր առաջ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը ստորագրեցին տրակտորների առուվաճառքի պայմանագիր: Գործարքի համաձայն՝ 20 տրակտոր ուղարկվել է Արցախ՝ ֆերմերներին լիզինգով կամ ուղղակի վաճառքով տրամադրելու համար: Շուտով հայկական երկրորդ պետություն կուղևորվեն նաև տրակտորներին կից սարքավորումները: Անցյալ տարի Արցախ է տարվել բերված խմբաքանակի տրակտորներից 20-ը:

2013 թ. հուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ էր այցելել Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու համար:

Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմը զգալի զեղչով Հայաստանին է տրամադրելու 300 տրակտոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում