Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը բացահայտել է տնտեսության աճը զսպող 4 առանցքային սահմանափակում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը մարտի 4-ին ներկայացրին Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը՝ «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը ներկայացրեց զեկույցի առանցքային դրույթները: Նա նշեց, որ արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել և կենտրոնանալ առանցքային սահմանափակումների վրա: «Դրանք այն ամենաէական սահմանափակումներն են, որոնք մինչև չվերացվեն, այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն: Զեկույցը վեր է հանել 4 նմանատիպ սահմանափակումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հերգնյանը:
Նա նշեց, որ մեր երկրի տնտեսության երկարաժամկետ և կայուն աճը զսպող առաջին սահմանափակումը մարդկային կապիտալի ցածր որակն է: «Հայաստանը քանակական առումով կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա»,- ասաց նա:
Ընկերության տնօրենը հայտնեց, որ երկրորդ սահմանափակումը անկատար մրցակցային միջավայրն ու ստվերային տնտեսությունն են, որոնք ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ ընկերությունների և երկրի մակարդակով: «Մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացումը»,- նշեց Հերգնյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային հաջորդ սահմանափակումը հնարավորությունների բացահայտման պակասն է:
Հայաստանի աճի հեռանկարներն անխուսափելիորն կապված են արտահանման հետ: «Արտահանման և ներդրումների ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը և նորարարությունների խթանմանը: Արդյունավետ արդյունաբերական քաղաքականությունը պետք է միտված լինի նմանատիպ հնարավորությունների ստեղծմանը»,- ասաց ընկերության տնօրենը:
Մյուս սահմանափակումը միաչափ ֆինանսական համակարգն է: Աճի հիմնական խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է: «Վերջինը թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքների հարմարեցման բազմատեսակ գործիքներ: Տնտեսության աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ և դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ»,- նշեց ընկերության տնօրենը:
Զեկույցի ներկայացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 3.5 տոկոս: Երկու հարևանների կողմից շրջափակման ենթարկվող Հայաստանի տնտեսությունը բախվում է բարդ խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը Կառավարության գործունեության թիրախում է: