Կանանց մեկամսյակի առթիվ Սոֆի Դևոյանի մշակութային կենտրոնը դասական պարի բաց դռների օր է հայտարարել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու Սոֆի Դևոյանի մշակութային կենտրոնի հրավիրած դասական պարի բաց դռների օրվան, որը նվիրվում է կանանց մեկամսյակին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կենտրոնից` մարտի 21-ին կայանալիք բաց դռների օրը կներառի դասական պարի երկու դասաժամ:
Առաջին դասաժամին կարող են մասնակցել ուսանողուհիներն ու բարձր դասարանների աշակերտուհիները, երկրորդին` իգական սեռի 25-55 տարեկան ներկայացուցիչները:
Կայանալիք դասընթացը կվարի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Արծրուն Ղուկասյանը:Բաց դասին մասնակցությունն անվճար է:
Սոֆի Դևոյանի սաները պատվով ելույթ են ունեցել Մալթայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Ավստրիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը» հիմնվել է 1993 թվականին: Մշակույթի այս կենտրոնը կոչված է մանուկներին ու պատանիներին ազգային և համաշխարհային արվեստին հաղորդակից դարձնելուն: Պարի դպրոց կարող են հաճախել 3-16 տարեկան աղջիկներ և տղաներ: Բարձրակարգ մասնագետներն այստեղ ուսուցանում են խորեոգրաֆիա, ժողովրդական, լատինամերիկյան և ժամանակակից պարեր:
Մշակութային կենտրոնում ուսման տևողությունը հինգ տարի է: Իգական սեռի 16 տարեկանից բարձր ներկայացուցիչների համար կենտրոնում գործում է սիրողական խումբ: Անցկացվում են նաև անհատական դասընթացներ, ինչպես նաև կարճաժամկետ ուսուցում հարսանյաց հանդեսին պատրաստվող զույգերի համար: