ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Վորլդ Վիժն»-ը կհամագործակցեն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակը ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդմանը: Համաձայնագրի շրջանակներում գործընկերները կհամապատասխանեցնեն իրենց մոտեցումները մի շարք հարցերի շուրջ, ներառյալ` երեխաների խնամքը, գիշերօթիկ խնամքի հաստատությունների վերակազմակերպումը համայնքային ծառայությունների, մոր և մանկան առողջությունը, ինչպես նաև Հայաստանում ներառական կրթության համակարգի զարգացումը, աղետների ռիսկերի նվազեցումն ու հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ դրական վերաբերմունքի խթանումը:

«Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության հարցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացրած կարևորագույն ծրագրերի կիզակետում էր սկսած 1994 թվականից: Շատ կարևոր է արձագանքել այս ոլորտին և պաշտպանիչ միջավայր ստեղծել երեխաների համար, ոչ միայն բռնությունն ու չարաշահումը կանխարգելելու և դրան արձագանքելու նպատակով, այլ նաև սոցիալական արդարությունն ու հավասարությունը խթանելու առումով, հատկապես, երբ խոսքն առավել խոցելի խմբերի մասին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: «Մեր հիմնական մտահոգությունը այն մի քանի հազար երեխաներն են, ովքեր մեծանում են խնամքի հաստատություններում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց զարգացման վրա: Մենք համատեղ աշխատում ենք բոլոր երեխաների համար ներառական միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի նրանք մեծանան ընտանեկան միջավայրում և հավասարապես օգտվեն կրթության և այլ համայնքահեն ծառայություններից»,- ասաց նա։

Գալիք երեք տարիներին գործընկերները նաև կարձագանքեն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխմանը և կաշխատեն ընտանիքի աջակցության և փոխարինման (այլընտրանքային) ծառայությունների ընդլայնման ուղղությամբ՝ գիշերօթիկ խնամքի հաստատությունների աստիճանական վերացմանը զուգընթաց: Քայլեր կձեռնարկվեն նաև համայնքային մակարդակում վճարովի սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրման, ինչպես նաև դպրոցներում աղետների ռիսկերի նվազեցման ու դրանց դեմ պատրաստվածության ծրագրերին աջակցելու ուղղությամբ:

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ովքեր անթիվ անհամար խնդիրների առաջ են կանգնում իրենց ամենօրյա կյանքում»,- ասաց Արենսը՝ փաստելով, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, սակայն, այսուհանդերձ, դեռևս բարելավելու շատ բան կան։

2012թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի համաձայն՝ հազարավոր հատուկ կարիքներով երեխաներ դեռևս մեկուսացված են իրենց ընտանիքներից, հասակակիցներից և համայնքներից: Շատերը չեն հաճախում նախակրթարան կամ դպրոց և կանգ են առնում աղքատության և խտրականության առջև: Քանի որ բոլոր այս հարցերը սերտ համագործակցություն են պահանջում գործընկերների միջև, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակները համատեղ կաշխատեն երեխաների պաշտպանության ոլորտում համայնքային, մարզային և ազգային մակարդակներում ֆորմալ և ոչ ֆորմալ դերակատարների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Հայերեն English