Իրավունք

Հայաստանում չգրանցված աշխատողներին դատական կարգով աշխատանքային ստաժը վերականգնելու հնարավորություն կտան

6 րոպեի ընթերցում

Հայաստանում չգրանցված աշխատողներին դատական կարգով աշխատանքային ստաժը վերականգնելու հնարավորություն կտան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող պատգամավորները ցանկանում են կարգավորել աշխատանքային հարաբերությունները և չգրանցված աշխատողներին հնարավորություն տալ դատական կարգով վերականգնել աշխատանքային ստաժը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ են այն իրավիճակները, երբ մարդիկ որևէ տեղ աշխատում են, սակայն չկա պայմանագիր: Այսինքն` ուղղակի օդի մեջ մարդը փաստացի աշխատում է, որոշակի պարտականություններ է իրականացնում, սակայն որևէ ձևով դա չի ֆիքսվում, ինչը, բնականաբար, անբարենպաստ հետևանքներ է առաջացնում աշխատողների համար, քանի որ որպես կանոն կամ աշխատավարձը սովորաբար ավելի պակաս է լինում նույն պայմաններում աշխատող մեկ այլ անձի աշխատավարձից, կամ ստաժը չի հաշվարկվում»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ մի քանի տարի որևէ տեղ աշխատել են, սակայն հետագայում չեն կարողացել այլ վայրում աշխատանքի անցնել, քանի որ փաստացի չեն ունեցել պահանջվող աշխատանքային ստաժը: «Այս խնդրին անդրադարձել էր նաև Սահմանադրական դատարանը, որը թեև աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը հակասահմանադրական չէր ճանաչել, սակայն միևնույն ժամանակ իր իրավական դիրքորոշումն արտահայտելիս փաստել էր, որ պետք է կարգավորում տրվի փաստացի աշխատանքային հարաբերություններին առ այն, որ պարզապես միայն աշխատանքային պայմանագիրը չձևակերպելու կամ սխալ ձևակերպելու պատճառով մարդը չզրկվի աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված իրավունքներից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նախագիծը հիմնականում ուղղված է այդ խնդրի կարգավորմանը:

Նա նշեց, որ նախագծով սահմանվում է, որ եթե աշխատողը հնարավորություն ունի դատական կարգով ապացուցել, որ ինքն աշխատել է, ապա նա համարվում է փաստացի աշխատած և դա հաշվարկվում է նրա ստաժում:

Նախագծով աշխատողները հնարավորություն են ստանում դատարան դիմել ինչպես աշխատանքի ընթացքում, այնպես էլ աշխատանքից դուրս գալուց հետո մեկ տարվա ընթացքում: Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, շատ սակավ կլինեն դեպքերը, երբ մարդիկ աշխատանքի ընթացքում դատարան կդիմեն, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ նոտայի վրա կավարտվեն գործատու-աշխատող հարաբերությունները, գործատուն նախկինում ձեռք բերված ինչ պայմանավորվածություններ կխախտի կամ չի խախտի, ինչ խնդիրների առջև կկանգնի աշխատողը աշխատանքից դուրս գալուց հետո: «Մենք նախագծով աշխատողների համար հնարավորություն ենք ստեղծում դատական կարգով վերականգնել աշխատանքային ստաժը, կամ ստանալ չվճարված աշխատավարձը: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կաշկանդված կլինեն գործատուի հետ անձնական հարաբերություններից ելնելով, կարող են չդիմել դատարան, սակայն բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ցանկանում են դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները»,- ասաց Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է հարցը դիտարկել ևս մեկ տեսանկյունից: Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչի համար գործատուները չեն գրանցում աշխատողներին: «Բնականաբար, դա անբարենպաստ հետևանքներ է առաջացնում առաջին հերթին հարկային պարտավորությունների տեսանկյունից, սոցիալական վճարների տեսանկյունից, ուստի պետությունը շահագրգիռ է բացահայտել անօրինական աշխատանք տվողներին: Եթե պետությունը կատարում է ստուգումներ և բացահայտում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատողներ, տուգանում է նրան»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նոր նախագծով այս առումով ոչինչ չի փոխվում ուղղակի աշխատողներին հնարավորություն է տրվում պաշտպանել իր իրավունքները:

Նախկինում եղել են դեպքեր, երբ աշխատողները դատարան են դիմել իրենց աշխատանքային ստաժը վերականգնելու պահանջով, սակայն աշխատանքային օրենսգրքում նոր նախագծով առաջակվող դրույթի բացակայությունը նրանց հնարավորություն չի տվել դատական կարգով վերականգնել աշխատանքային ստաժը:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել Է Ազգային ժողովում: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Նախագիծը նպատակ է հետապնդում պաշտպանել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքները եւ օրինական շահերը: Նախագծի առաջին հոդվածով նախատեսվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածում, որպես աշխատանքային հարաբերությունների հիմք նախատեսել նաեւ փաստացի աշխատող լինելու հանգամանքը: Փաստացի աշխատող հանդիսանալու հանգամանքը աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք դիտելը կվերացնի ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա այն իրավական բացը, որը իրավակիրառական պրակտիկայում բացառում էր փաստացի կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալու կամ փաստացի կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձի գումարի` դատական կարգով բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքը: Նախագծով առաջարկվող իրավակարգավորումը կունենա նաեւ կանխարգելիչ նշանակություն` նվազեցնելով ստվերային զբաղվածությունը, գործարարներին կհարկադրի պահպանել աշխատանքային պայմանագրի կնքման օրենքով սահմանված կարգը՝ աշխատողին զերծ պահելով հետագա քաշքշուկներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում