Հայաստանը ՌԴ-ի և Բելառուսի հետ կիրականացնի պաշտպանական համակարգերի զարգաման ծրագրեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմիանա 2000 թվականի փետրվարի 11-ի Բելառուսի և Ռուսաստանի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին համաձայնագրին: Վերջինիս նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 13-ի նիստի օրակարգում:
«Դրա նպատակն է` միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել բարձր տեխնոլոգիական և մրցունակ ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի ստեղծմանը, ինչպես նաև գոյություն ունեցող նմուշների վերանորոգմանն ու արդիականացմանը:
Նշված ծրագրերի իրականացման համար կօգտագործվի Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման և ներդրումային ներուժը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ: Համաձայնագրին միանալը պայմաններ կստեղծի նաև նշված երկրների արդյունաբերական համալիրների միջև կոոպերացիոն կապերի ապահովմանը: Հայաստանը, Բելառուսը և ՌԴ-ն ընդգրկված են նաև միևնույն պաշտպանական համակարգում` հանդիսանալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ: