ԼՂՀ մշակույթի նախարարը գաղտնազերծել է, թե ինչն է Արցախում հրապուրում աշխարհահռչակ մարդկանց

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Արցախի մշակութային քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել երկու կարևորագույն ռազմավարական խնդիրների լուծմանը` հայկական մշակութային ինքնության պահպանմանը և ներկայացմանն ու աշխարհին Արցախի մշակութային կերպարի նորովի մատուցմանը: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացնում է անցած տարվա ձեռքբերումներ, նոր ծրագրերն ու համագործակցությունները: Դրանք բազմաթիվ են եւ շարունակելու են աշխարհին ներկայացնել Արցախի հոգեւոր եւ մշակութային բացառիկ արժեքները:

- Տիկին Աղաբալյան, ինչպիսին էր 2013թ. Արցախի մշակութային կյանքում:

-Իրադարձային առումով` հագեցած ու հետաքրքիր, մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից` հիմնականում հաջողված: 2013թ. Արցախի համար, նախևառաջ, առանձնացավ այնպիսի իրադարձություններով, որոնք էական ազդեցություն ունեցան ոչ միայն Արցախի մշակութային կյանքի, այլև Արցախի ճանաչման և ըստ այդմ, Արցախի Հանրապետության հանդեպ որակապես նոր վերաբերմունքի ձևավորման համար:

2013թ. իրադարձություններից կառանձնացնեի Շուշիում Կերպարվեստի պետական թանգարանի բացումը, Գորգերի թանգարանի բացումը, Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրության կենտրոնի ստեղծումը, արցախցի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությունը, Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրությունը Տիգրանակերտում, դասական երաժշտության պատանի երաժիշտ-կատարողների «Տնջրե» երրորդ միջազգային փառատոնը և, իհարկե, միջազգային հնչեղության առումով, տարվա կարևորագույն իրադարձությունը` «Ստարմուս» ընկերության նախաձեռնությամբ իրականացված` «Քրիստոնեական կղզյակ. Հայաստան և Արցախ» ծրագիրը:

-Ինչպե՞ս կգնահատեք ոլորտի վիճակն ու ի՞նչ է արվում բացերը շտկելու համար:

- Կարևորագույն ձեռքբերում եմ համարում այն, որ երկրի իշխանությունների կողմից այսօր ամենաբարձր մակարդակով ունենք մշակույթի դերի ու նշանակության կարևորումը ազգային անվտանգության, արժեհամակարգի ձևավորման, ընդհանրապես երկրի զարգացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրներում: Սա հնարավորություն է տալիս ձևավորելու համապատասխան ընկալում և վերաբերմունք նաև հանրության շրջանում, ինչը շատ կարևոր է հետպատերազմյան Արցախում, սոցիալ-տնտեսական բազում կենսական խնդիրների առկայության պայմաններում, հոգևորի մասին չմոռանալու, մեր արմատներից չկտրվելու, ազգային դիմագիծը պահպանելու և մշակութաստեղծ մեր առաքելությունը շարունակելու համար: Իհարկե, ձեռքբերումների կողքին նաև շատ չլուծված խնդիրներ կան: Կարևորը` կա հստակ պատկերացում անելիքների: Այսօր օրակարգում են մշակութային կրթության խնդիրները: Խորհրդային համակարգի փլուզումից հետո մշակութային կրթության նոր համակարգ չի ստեղծվել, մինչդեռ կրթությունը զարգացման հիմքն է: Առանց ամուր հիմքի հնարավոր չէ մտածել կայուն զարգացման մասին: Այսօր մշակութային կրթություն իրականացնող դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունները գործում են տարանջատ և հաճախ կրթական մակարդակների հաջորդականություն չեն ապահովում, ինչպես որ լիարժեքորեն չեն ապահովում ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը: Ոլորտում համակարգված ու ճկուն պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտություն կա, որը պետք է բխի ինչպես ԼՂՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներից, այնպես էլ երկրի զարգացման ռազմավարությունից:

-Խոսեցինք ոլորտի խնդիրներից: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը գտնվում է վատ վիճակում: Այս հարցի առնչությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել:

-Ոչ միայն Վահրամ Փափազյանի անվան թատրոնը: Պատերազմի հետևանքով Արցախում ավերվել կամ վնասվել են հարյուրավոր շենքեր ու շինություններ, այդ թվում և մշակութային նշանակության: Մասնավորապես, անմխիթար վիճակում են Արցախում գործող երկու թատրոնների, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի, երաժշտական քոլեջի, երաժշտական դպրոցի, գրադարանների, մշակույթի տների, շրջանային թանգարանների և գյուղական ակումբների շենքերը: Սակայն, չգիտես ինչու, մամուլում պարբերաբար քննարկումների թեմա է դառնում և հանրային հետաքրքրություն հարուցում միայն Ստեփանակերտի թատրոնի շենքի խնդիրը: Ողջունելի է, եթե դա բխում է Արցախում այդ կարևոր մշակութային օջախի հանդեպ սրտացավ վերաբերմունքից ու թատերավեստի բարի ավանդույթներն Արցախում վերականգնված տեսնելու անկեղծ ցանկությունից: Սակայն, ցավոք, նկատելի են նաև իրականությունը խեղաթյուրելու և խնդիրը շահարկելու փորձեր: Արցախում սահմանային գյուղի ակումբի վերականգնման խնդիրը չի զիջում իր հրատապությամբ:

Ստեփանակերտի թատրոնի շենքի հիմնանորոգման և Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բնականոն գործունեության վերականգնման հարցում ոչ-ոք մտահոգված ու շահագրգիռ չէ ավելի, քան Արցախի ներկայիս իշխանությունները: Խնդիրը գտնվում է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում: 2013թ., թատրոնի շենքի հիմնանորոգման ծրագիրը սկսելու նպատակով, նախագահի առաջարկությամբ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը սկսել է նախագծման աշխատանքները: Թատրոնի աշխատակազմը ժամանակավորապես տեղափոխվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի շենքը, որտեղ և՝ անհամեմատ բարվոք պայմաններում իրականացնում է իր գործունեությունը: Թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ, նախատեսվում է պայմաններ ստեղծել ինչպես դրամատիկական, այնպես էլ օպերային թատրոնի համար: Քայլեր են ձեռնարկվում նաև ստեղծագործական նոր կազմի ձևավորման ու անհրաժեշտ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Ծրագիրը, բնականաբար, լուրջ ներդրումներ է պահանջում: Այս ուղղությամբ ևս անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է լուծել նաև Ստեփանակերտի մշակույթի տան տեղափոխման խնդիրը, քանի որ վերջինս զբաղեցնում է թատրոնի շենքի երկրորդ հարկը: Դա հնարավոր կլինի անել 2014-ի վերջին, երբ շահագործման կհանձնվեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հիմնանորոգված և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նոր շենքերը և համապատասխանաբար տարածք կազատվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում: Ընթացիկ տարում կլուծվի նաև Շուշիի Մ.Խանդամիրյանի անվան թատրոնի շենքային պայմանների բարելավման խնդիրը, շահագործման կհանձնվի հիմնանորոգված դահլիճը: Գարնանը կգործարկվի Շուշիի երկրաբանական թանգարանի շենքը, սկսված են Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի նախագծման աշխատանքները: Նշված ծրագրերը իրականացվում են ինչպես պետական միջոցներով, այնպես էլ՝ մասնավոր: Ուրախությամբ եմ փաստում, որ մեկենասության բարի ավանդույթների վերականգնման միտում կա, ինչի շնորհիվ կյանքի են կոչվում պետության համար կարևոր տասնյակ ծրագրեր ու գաղափարներ:

- Չճանաչված պետության հանգամանքը որքանո՞վ է խանգարում Արցախին միջազգային հեղինակավոր մրցույթների կամ փառատոների մասնակցելու հարցում:

-Խանգարում է, առաջին հերթին, մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից: Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երաժիշտը, երգիչը, դերասանը, որը կարող է ունենալ բացառիկ տաղանդ և ճանաչվել լավագույնը, չի կարող մասնակցության հայտ ներկայացնել միջազգային մշակութային նախագծերում լոկ այն պատճառով, որ իր երկիրը «դե-յուրե» ճանաչված չէ: Ասել է, թե՝ խախտվում է մարդու՝ մշակութային իրավունքների լիակատար իրացման իրավունքը, այն իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագրում։ Մենք, իհարկե, ելք և հնարավորություն գտնում ենք՝ մեր ստեղծագործողներին արտերկրում ներկայացնելու, նրանց տաղանդն ու կարողությունները ցուցադրելու և նորից ու կրկին ապացուցելու, որ հոգևոր մեծությունը չի չափվում երկրի սահմաններով և ճանաչումը միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չէ:

- Նախորդ տարի Արցախ այցելեցին համաշխարհային մեծության բազմաթիվ մտավորականներ, մշակութային գործիչներ: Կարո՞ղ ենք ասել, որ մշակույթն այն զենքն է, որով այսօր Արցախը ներկայանում է աշխարհին եւ երբեմն նաեւ օգնում քաղաքական հարցերի լուծմանը:

-Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ քաղաքակիրթ մարդկությունը հետաքրքրություն է ցուցաբերում Արցախի հանդեպ: Սկսած հնագույնից՝ մարդկային քաղաքակրթության պատմությամբ հետաքրքրվողները ի վերջո հասնում են Հայաստան ու Արցախ: Մարդկանց ձգում է ոչ միայն հազարամյա պատմամշակութային ժառանգությանը, հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը, այլև՝ հրաշալի բնությունը, այստեղ ապրող մարդկանց անմիջականությունն ու ջերմությունը: Վստահ եմ, որ այդ հետաքրքրությունը ժամանակի հետ միայն ավելանալու է: Ամեն տարի տասնյակ հազարավոր օտարեկրացիներ են այցելում Արցախ, այդ թվում և ճանաչված ու հեղինակավոր անհատներ: Եվ եթե նրանք ընտրում են աշխարհի քարտեզի վրա աննշան այս անկյունը, որտեղ հասնելու համար, արհեստական դժվարություններից բացի, պիտի հաղթահարել նաև դժվարանցանելի ոլորաններով ձգվող երկար ճանապարհը, ուրեմն գտնում են այստեղ կարևոր արժեքներ: Ցավոք, սա դեռ չեն հասկացել Ադրբեջանում, որտեղ շարունակում են հիստերիկ ջղաձգումներով և «սև ցուցակ»-ով «արգելափակել» դեպի Արցախ ճանապարհը: Դա, մեղմ ասած, անհեթեթ է, ինչի գերադրական աստիճանն էր Մոնսերատ Կաբալեի նման մեծությանը Ադրբեջանում «անցանկալի անձ» հայտարարելը և ապա` Ադրբեջան հրավիրելը:

- Դեկտեմբերին տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալիեի` «Հայաստան, Արցախ. քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային ալբոմի շնորհանդեսը: Ինչպիսի՞ շարունակություն է ունենալու օպերային երգչուհու հետ համագործակցությունը:

-Մենք խորին հարգանք ու երախտագիտություն ենք տածում Մոնսերատ Կաբալիեի հանդեպ նախևառաջ որպես ճշմարիտ արվեստագետի, ով կարողացել է գերել աշխարհն իր տաղանդով ու մարդկային արժանիքներով և իր մեծագույն ներդրումն ունի համաշխարհային մշակույթի զարգացման մեջ: Մեզ համար պատիվ էր` հյուրընկալել աշխարհահռչակ երգչուհուն Արցախում և ճանաչել նրան նաև որպես ճշմարիտ քրիստոնյայի: Ուրախ ենք, որ մեր այս ծանոթությունը վերաճեց անկեղծ բարեկամության և հետաքրքիր համագործակցության: Ալբոմը, որի շնորհանդեսը կազմակերպվեց 2013-ի դեկտեմբերին Փարիզում, ներկայացնում է երգչուհու ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ՝ բոլորովին նոր ստեղծագործություններն ու կատարումները: Սա բացառիկ նվեր է Մոնսերատ Կաբալիեի արվեստի բոլոր երկրպագուների և իհարկե, համայն հայության համար: Մոնսերատ Կաբալիեի՝ տասը ստեղծագործությունների, այդ թվում և կոմիտասյան «Կռունկ»-ի և «Չինար ես»-ի կատարումներով ներկայացված են Հայաստանն ու Արցախը, որպես` քրիստոնեության կղզյակ: Սա նաև ուղերձ է աշխարհին` քրիստոնեական արժեքներից չշեղվելու և մեր հավատի հիմքերը ամուր պահելու մասին: Եվ մեր համագործակցության շարունակությունը առաջին հերթին պիտի լինի` այս ուղերձը աշխարհին հասանելի դարձնելը:

-Կարո՞ղ ենք այս տարի նույնպես ակնկալել նոր համագործակցություններ, այցելություններ:

-Իհարկե: 2014-ը նույնպես հագեցած է լինելու հետաքրքիր մշակութային նախաձեռնություններով ու ծրագրերով: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Կարևորը՝ լինի խաղաղություն: Այնպիսի խաղաղություն, որը կնպաստի մեր ոգեղեն վերելքին, մեր ազգային ու մարդկային արժանապատվության բարձրացմանը:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա