Ստոկհոլմում թույլատրել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Բոտ Շիրքաարվարձանային շրջանի խորհուրդը հավանություն է տվել 1915թ. քրիստոնյաների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Եվրոպայի հայերի համագումարի ղեկավար Կարո Հակոբյանը` նշելով, որ հարցի քննարկումը տևել է բավականին երկար: «Շուրջ մեկ ժամից ավելի տևեց քննարկումը, չեմ կարծում, որ մինչ այս այդքան երկար այլ հարցի շուրջ քննարկում անցկացնեին: Հարցը կոչվում էր քաղաքացիական նախաձեռնության առաջարկ, որը Ստոկհոլմի արվարձանային Բոտ Շիրքա (Botkyrka)շրջանի ղեկավարությանը կոչ էր անում թույլ տալ թուրքերի կողմից քրիստոնյաների դեմ կատարված ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել: Երկար քննարկումներից հետո շրջանային խորհուրդը ներկայացնող իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից 54-ը կողմ քվեարկեց առաջարկին, 5-ը` դեմ, 1-ը` ձեռնպահ»,-ասաց Կարո Հակոբյանը:Մնում է միայն, որ Հայաստանից և հայկական կողմերից հետաքրքրություն լինի, որ նրանք ևս ներգրավվեն հուշարձանի տեղադրման, դրա ձևի, գրության որոշման աշխատանքներում: «Կարելի է կապ ստեղծել այստեղի ասորական կառույցների հետ, որ համատեղ աշխատելու հնարավորություն ստեղծվի»,-հույս հայտնեց Կարո Հակոբյանը:

Եվրոպայի հայերի համագումարի ղեկավարը նշեց, որ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները և ձախ կուսակցությունները միահամուռ պաշտպանում էին նախաձեռնությունը: «Նրանք նույնիսկ ասացին, որ առաջիկայում հարցը կարող է դրվել այնպես, որ այն դառնա շրջանային խորհրդի ուղղակի պարտականություններից մեկը: Սա կարծես նախազգուշացում էր, որ սեպտեմբերին սպասվում են ընտրություններ ու հավանական իշխանափոխություն, որը կբերի նրան, որ Շվեդիայի կառավարությունը ևս կընդունի Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց Կարո Հակոբյանը: Նախկինում առաջարկ էր եղել, որ տվյալ շրջանային խորհուրդը նախաձեռնի հուշարձանի տեղադրումը, որը, սակայն, իրավաբանական տեսակետից այնքան էլ նպատակահարմար չէր, քանի որ այն կդառանար քաղաքական հարց, բացի դրանից, խորհուրդը իրավասու չէր լինի նման ծախսեր իրականացնել: «Ընդդիմախոսները նշում էին, որ այդ հարցը մտնում է երկրի արտաքին քաղաքականության շրջանակի մեջ, այդ ոլորտի պատասխանատուներն են, որ ունեն այդ իրավասությունը: Միշտ էլ եթե քաղաքացիական նախաձեռնությամբ է հարց առաջ քաշվում, արգելքը վերանում է»,-նշեց Եվրոպայի հայերի համագումարի ղեկավարը: Կարո Հակոբյանը կարծում է, որ թուրքական ճնշումներն ու բողոքի ակցիաները կարող են շարունակվել, բայց թույլատվության որոշումն արդեն առկա է:

Հայերեն English Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է