Հայաստանն արտասահմանցիների համար գրավիչ է դարձել վերջույթների երկարացման վիրահատությունների առումով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստորին վերջույթների էսթետիկ բուժում ստանալու նպատակով տարածաշրջանում միակը համարվող Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն դիմում են թե’ տեղացիները, թե’ օտարերկրացիները: Վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնն արդեն այցելուներ է ունեցել Ավստրալիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Միջին Արեւելքի երկրներից, Ռուսաստանից:
«Օտարերկրացիների հոսքը մեր կենտրոն շարունակվում է, եւ նրանք բավական գոհ են մեր ծառայությունների արդյունքներից»,- ասաց նա: Միրզոյանի խոսքով, Հայաստանում ստորին վերջույթների էսթետիկ բուժում ստանալը բավական ժամանակատար եւ ոչ այնքան էժան է: «Վիրահատության համար նախատեսված կոնկրետ սահմանված գին չկա: Վիրահատական միջամտության արժեքը կախված է վերջույթների հետ կապված խնդրի բարդությունից: Յուրաքանչյուր մեկ սանտիմետր հասակի ավելացման համար բժշկական ծախսերը կազմում են մոտավորապես 1700-1800 դոլարին համարժեք դրամ: Գումարը ներառում է բժշկական բոլոր ծախսերը: Ինտրամեդուլյար մեխով երկարացման դեպքում երկրորդ վիրահատությունն արդեն կարժենա 3400 դոլարին համարժեք դրամ: Վիրահատություններն իրականացվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում»,- ասաց նա:
Կենտրոնի տնօրենը նշեց, որ թե’ տեղացի, թե’ օտարերկրացի այցելուների դիմելիությունն ակտիվանում է հատկապես ամռանը, պասիվ է ձմռան ամիսներին: «Ամեն տարի արտասահմանցի մի քանի տասնյակ այցելու ենք ունենում, ովքեր գալիս են ոչ միայն էսթետիկ, այլեւ ոսկրաբանական տարբեր խնդիրների հետ կապված: Մեզ դիմում են նաեւ «կեղծ» հոդերի, ծուռթաթության, բնածին հոդախախտի եւ ոսկրաբանական այլ խնդիրների բուժման հետ կապված»,- ասաց Միրզոյանը` չմանրամասնելով, թե տարեկան ընդհանուր առմամբ քանի այցելու են ունենում:
Չնայած էսթետիկ վիրաբուժության հետ կապված հնարավոր բարդություններին` Հայաստանում դրանցից խուսափելու համար կիրառում են աշխարհում արդեն փորձված մեթոդներ: «Կան տարածված նոր մեթոդներ, սակայն դրանք ռիսկային են եւ բավական թանկարժեք: Երբ այդ վիրահատությունները լիարժեք անվտանգ կդառնան ու կունենան առավելագույն արդյունավետություն, այդ ժամանակ մենք այդ մեթոդները եւս կկիրառենք Հայաստանում»,- հավելեց բժիշկը:
Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը գործում է 1989 թվականից: Կենտրոնի գործունեության հիմքը հանրահայտ ոսկրաբան Գավրիլ Իլիզարովի մեթոդն է, որը գիտականորեն ապացուցել է` հյուսվածքները կարող են աճել մեխանիկական ձգման ազդեցության տակ: Այսօր այդ մեթոդը հայտնի է ամբողջ աշխարհում և օգտագործվում է օրթոպեդիկ շատ խնդիրներ լուծելիս: Կենտրոնում ոտքերի ձևի ուղղման և սրունքների երկարացման նպատակով առաջին վիրահատությունը կատարվել է 1989 թվականին: