Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները քաղաքական ակտիվացման համար հայտ է. Մհեր Շահգելդյան

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները քաղաքական ակտիվացման համար հայտ է. Մհեր Շահգելդյան

ԵՐԵՎԱՆ, 21ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին շրջանի հայտարարությունները քաղաքական ակտիվացման հայտ են: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Տարին սկսվեց քաղաքական ոլորտում բարձր ակտիվությամբ: Տեղի ունեցավ «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» դեմ հանրահավաքը, որը մենք դիտարկում ենք որպես քաղաքական պայքարի ընդունելի մեխանիզմ: Պետք է փաստել, որ այն համընկավ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցներ տալու հետ, որը, մեր կարծիքով, քաղաքական ակտվացման հայտ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մհեր Շահգելդյանը:

ՕԵԿ քարտուղարը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված հանրահավաքին հնչեցված հարցադրումները տեսանելի են նաև նախկին նախագահի հարցազրույցներում:

«Բոլորս էլ գիտենք երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի սերտ հարաբերությունների մասին: Մի շարք պատգամավորներ էլ երկու կուսակցություններից դրականորեն արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին: Պատկերը պարզ է»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի հարցի առնչությամբ` Մհեր Շահգելդյանը նշեց, որ միայն նախկին նախագահը կարող է որոշել ինչպես և ինչ մեխանիզմներով գործել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու կառավարման տարիները: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում