Էկոնոմիկայի նախարարը ևս արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՆԱ-ում շինարարության 25 տոկոս մասնաբաժինը, որն արձանագրվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երկարատև կամ նույնիսկ միջին ժամկետ հեռանկար ունենալ չէր կարող: Այդ մասին կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:Լրագրողի՝ հետևաբար դա փուչիկ էր հարցին՝ նախարարը պատասխանեց. «Գիտեք, ամենածանրը նա է, որ կիրառվում են բառեր, որոնք կարծես վիրավորանք լինեն: Խնդիրը նա չէ, որ որևէ մեկը կամ փչել է այդ փուչիկը կամ նման բան է եղել, այնուհանդերձ, պետք է գնահատվեն փաստերը: Դրանց տեսանկյունից՝ 25 տոկոս մասնաբաժինն անհնար էր պահպանել: Դեռևս 2006-2007 թվականներից, այդ թվում նաև իմ՝ համեստ տնտեսագետիս կողմից, գնահատվում էր, որ պետք է շինարարությունում անկախ ճգնաժամից բացասական աճ լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքով՝ կան խնդիրներ, որոնք Ռոբերտ Քոչարյանի գնահատականներում բարդեցված են, խոսքը գնում է հիփոթեքային վարկերին, թե ինչքանով պետք է դրա ընդհանուր աճի գնահատականը համարվի բացարձակ:Ըստ նախարարի՝ ակնհայտ է, որ հիփոթեքային վարկերը Հայստանում դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի կարողանանք ասել, որ դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտում: Ավանեսյանի կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ են, որ տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որպեսզի հիփոթեքի շուկան ՀՀ-ում զարգանա:
Միաժամանակ, ըստ նախարարի, Քոչարյանի ժամանակաշրջանի հաջողությունների գործում պետք է գնահատվեն ոչ միայն այդ ընթացքում կատարված բարեփոխումները. «Առաջին նախագահի ժամանակաշրջանից են եղել բարեփոխումները, բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարողանում 5-10 տարվա ընթացքում արդյունքներ ցույց տալ: Արդյունքներն ավելի հեռանկարային են: Բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արվել են 90-ական թվականներից սկսած՝ դրանք իրենց ազդեցությունն ունեցել են: Այն բարեփոխումներն էլ, որոնք հաջողված չեն եղել, խնդիրներ են ստեղծել»,- ասաց Ավանեսյանը
Միաժամանակ, նախարարը հնարավոր չի համար պրոֆեսիոնալ մակարդակի վրա գնահատականներ տալ՝ գազային վերջին համաձայնագրերն են ավելի լավը, թե Քոչարյանի ժամանակաշրջանում ստորագրված գույք պարտքի դիմաց համաձայնագիրը, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են: Նրա կարծիքով՝ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք կկարողանան նման գնահատականներ տալ, ինքն անձամբ չէր կարողանա գնահատել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է կառավարության գործունեությունը: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը, ինչին հետեւել են նախարարների արձագանքները: