Արշակ Սադոյանը կոչ է անում թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտում հանկարծակի հայտնվելը տեղի է ունեցել անժամանակ եւ սխալ ձեւով: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց
Հանրային խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը` հավելելով, որ Հայաստանն այժմ կանգնած է բազմաթիվ խնդիրների առջեւ: «Քննարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որը բավական դժգոհությունների առիթ է դարձել: Վերջիվերջո, որոշվում է Հայաստանի ճակատագիրը` գնալ դեպի Եվրոպա±, թե Մաքսային միություն: Եվ այս ամենի համատեքստում պետք է թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այսքան տարի անց վերադառնալուց հետո նա կարող էր բարձրաձայնել գոնե ժողովրդին հուզող հարցեր, այլ ոչ թե վարչապետի գործունեությունը քննադատեր»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմությանը` Սադոյանը նշեց, որ այն հիմա գտնվում է բարդ, դժվարին, խեղճացած վիճակում: Միակ լուրջ ընդդիմադիր ուժը, ըստ Սադոյանի, «ժառանգություն» կուսակցութունն է: «Քաղաքական դաշտում հիմա քաոս է: Ես կփորձեմ վիրտուալ քաղաքական կուսակցություն ստեղծելու ճանապարհով ինչ-որ բան անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Աժ նախկին պատգամավորը քաղաքական ուժերին խորհուրդ տվեց չխառնվել քաղաքացիական նախաձեռնություններին: «Հենց մեր երիտասարդներն այնպես արեցին, որ տրանսպորտի գինը 100 դրամից չբարձրացավ: Լավ կլինի, որ նրանք էլ փորձեն միայնակ պայքարել նաեւ կուտակային կենսաթոշակային բարոփոխումների դեմ»,-հավելեց Սադոյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական 2rd.am կայքում քննադատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ու կառավարման տարիները: Քոչարյանը վերջին հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, շինարարության ոլորտի անկմանը: