ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ հռչակավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում է: Լեհական երաժշտության հայկական արմատներով լեգենդի 80-ամյա հոբելյանը մեծ շուքով նշվում է Հայաստանում: «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախաձեռնությամբ հունվարի 13-16-ը մեր երկրում անցկացվում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը, որով էլ հենց մեկնարկում է փառատոնի 15-րդ հոբելյանական համերգաշրջանը:
«Փառատոնն իր 15-րդ հոբելյանական տարին սկսում է Հայաստանի մշակութային կյանքում պատմական իրադարձությամբ` մեր ժամանակների նշանավոր կոմպոզիտոր Պենդերեցկու օրերով: Արդեն ավանդական դարձած «Պենդերեցկու օրեր» շարքն այս տարի անցկացվում է երրորդ անգամ: Ուրախ եմ, որ այս հանճարեղ մարդը Հայաստանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոբելյանի կապակցությամբ մաեստրոյին շնորհավորելով` ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Քշիշտոֆ Պենդերեցկին հրավերի համար շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և նշեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում: «Սա արդեն իմ երրորդ այցն է Հայաստան: Հիշում եմ բոլոր նախորդ փառատոնային օրերը, որոնք անցել են կատարողական բարձր մակարդակով` հրաշալի ունկնդրի ներկայությամբ: Հատկապես տպավորված եմ «Հովեր» երգչախմբով, որովհետև այն բարձր մակարդակ ունի: Հայաստան մշտապես վերադառնում եմ հաճույքով, հուսով եմ` նորից կգամ: Իմ տատիկն ազգությամբ հայ էր, Լեհաստան էր եկել Սպահանից` որոշակի պատճառներով: Նրա հետ գնում էինք Կրակովի հայկական եկեղեցին»,- նշեց Քշիշտոֆ Պենդերեցկին:
Անվանի արվեստագետի կինը` Էլժբիետա Պենդերեցկին, նախորդ տարի զբաղվել է Վարշավայում Պենդերեցկու անվան փառատոնի կազմակերպման հարցերով: Նա հիշեցրեց, որ փառատոնին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Բացի այդ, Էլժբիետա Պենդերեցկին նշեց, որ վերջերս Լեհաստանում անցկացվել է թավջութակահարների փառատոն, որի հաղթողը եղել է հայ երաժիշտ Ֆրանսիայից: «Մենք սերտորեն կապված ենք Լեհաստանի հայ համայնքի հետ: Ամեն անգամ հայկական թերթեր ենք ստանում: Իմ աղջկա աչքերին նայելով` հայի ու հայկական հայացք եմ տեսնում»,- հավելեց կոմպոզիտորի կինը:
Լեհ կոմպոզիտորը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական գործ է գրում` երգչախմբային ստեղծագործություն` սաղմոսների հիման վրա:
«Պենդերեցկու օրեր» տոնական միջոցառումների շարքը կմեկնարկի հունվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղելույթով:
Հաջորդ օրը, «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ կունենան և մաեստրոյին կշնորհավորեն ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը և դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը:
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում, հունվարի 15-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն Պենդերեցկու բարոկկո ոճով երեք պիեսները:
Միջոցառումները կեզրափակվեն հունվարի 16-ին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քշիշտոֆ Պենդերեցկու համատեղ ելույթով: Տոնական երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև ջութակահար ԱգատաՇիմչևսկան և ալտահար ՌոբերտԿաբառան:
Բոլոր համերգային երեկոներին կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու երկերը:
Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցերից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն:Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, 2013թ.-ի նոյեմբերին, հոբելյանի կապակցությամբ, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: