Տարածաշրջանային

Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում քանդել են հայ ընտանիքին պատկանող տունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ քանդել են Համբարձում եւ Ժանետ Սոլարբաշների Օրթաքյոյ թաղամասի Դերեբոյու պողոտայում գտնվող տունը, ինչի արդյունքում 7 անդամներից բաղկացած նրանց ընտանիքը ձմռան կեսին հայտնվել է փողոցում` անօթեւան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gercekgundem.com լրատվական կայքը:

Նշվում է, որ տունը պետությունից 1915 թ-ին գնել է Համբարձումի հայրը` Հովհաննես Սոլարբաշը, ով Հայոց ցեղասպանության տարում` 1915 թ-ին Յոզգաթից փախել էր Ստամբուլ: Հայ ընտանիքը, որը մոտ 99 տարի շարունակ վճարել է գույքի հետ կապված բոլոր հարկերը, ինչ-ինչ պատճառներով սեփականության փաստաթուղթ չուներ մինչեւ 1983 թ-ը, երբ Ստամբուլի քաղաքապետարանին 2 հազար լիրա վճարելուց հետո Համբարձում Սոլարբաշը տան սեփականության վկայագիր է ստացել:

Ստամբուլի քաղաքապետարանը անցյալ տարի որոշում է կայացրել Օրթաքյոյի այդ տարածքում 5 տներ քանդելու մասին, որոնցից 4-ն արդեն քանդել են: Համբարձումը լրագրողներին հայտնել է, որ ինքը պահանջում է, որ տարածքում կառուցվելիք բնակարաններից մեկը հատկացնեն իր ընտանիքին, այնինչ` քաղաքապետարանը առաջարկում է իրեն տեղափոխվել մի բնակարան, որի համար ինքը պետք է 74 հազար լիրա վճարի: Նա նշել է, որ իրեն պատկանող տունը քանդելու դիմաց պետությունը ոչ մի փոխհատուցում չի առաջարկել, իսկ տարածքը համարվում է Ստամբուլի թանկարժեք շրջաններից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում